Երկու տարում ադրբեջաներեն սովորեցի, փաստորեն իզուր չէր․ Ռուսաստան դրանք ինձ տեսան, իրար մեջ բան-ման էին պլանավորում, տեսեք ես էլ ինչ արեցի․ լավա ինձ չկորցրի էդ իրավիճակում, թե չէ չգիտեմ ինչ կլիներ

Մի քանի տարիա Ռուսաստանում եմ ապրում, եկել եմ ստեղ ուսումս շարունակել, հիմա էլ աշխատում եմ։ Ուսմանս տարիներին համալսարանում հնարավորություն ունեինք լեզու ընտրել ու սովորել, ես էլ վաղուց էի ուզում ադրբեջաներեն սովորեմ, ինչպես ասում են թշնամուդ լեզուն պիտի լավ իմանաս։ Մերոնք ասում էին յանի խի ես սովորում, ուրիշ լեզու սովորի, որ գնաս արտերկիր, կարողանաս մարդկանց հետ շփվես, մերոնք ուզում էին հենց գերմաներեն սովորեմ, դե բայց չէ, ադրբեջաներեն սովորեցի ու արի ու տես, որ պետք եկավ։ Ես չգիտեմ ինչ հետ ինչ կլիներ, եթե ես չհասկանայի, չիմանայի էդ լեզուն։

Ստեղ շատ են թե թուրքեր, թե ադրբեջանցիներ, հիմնականում հաշտ ենք ապրում, դե ուրիշ երկրում ենք, հետո էլ հենց էստեղ մեծացած ադրբեջանցու մտածելակերպը ուրիշա, էդքան ատելություն չկա, ինչ որ հենց ադրբեջանում մեծացած ադրբեջանցու մոտ, դե բայց շատերն էլ կան, որ գիտես թե սաղ օրը դրսերում ման են գալիս, որ մի հայի գտնեն թակեն, այ տենց վտանգավորն են։ Դրանցից մի երեք հոգու էլ ես հանդիպեցի։

Չգիտեմ իրանք ոնց են հասկանում, որ հայ եմ, շան հոտառություն ունեն հա դրանք, կարողա դաժե լեզվին ծանոթ են, տենց հասկացել են, որ հայ եմ։ Իրիկուն ուշ ժամա, գործից գնում եմ տուն, հետևից իրեք հոգով քայլում են, խոսում, ինչ որ բաներ պլանավորում։ Լավ չի լսվում ինչ են խոսում, բայց ինչ էլ որ լսեցի, բավարար էր, դրանցից մեկը ասումա սպասի, ստեղ մարդաշատա, մի քիչ հեռվանանք, գնանք մութ տեղ հետո։ Մենակ դա եմ լսում, բայց դա հերիք էր, որ ճանապարհս փոխեի։ Գնացի էն ամենամարդաշատ տեղը, տաքսի կանչեցի, մինչև տաքսու գալը էլ չասեմ, թե քանի անգամ են դրանք կողքովս անցել, որ հասկանան ինչ եմ անում։ Ես էլ ռեակցիա չտվեցի, իբր չեմ նկատում, տաքսիս եկավ գնացի տուն։