Պեմզաշենում 31-ամյա բնակչուհու, վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու դաժան սպանության գործով կան երկու ձերբակալվածներ։ Այն տեղեկությունները, թե ձերբակալել են ևս մեկ տղամարդու և կնոջ, իրականության չեն համապատասխանում, համենայնդեպս պաշտոնապես հաստատված չեն։
Իրավապահները դեռ կասկածյալների շրջանակն են ուսումնասիրում,չի բացառվում, որ հենց այդ երկու անձը դեռ հարցաքննվում են։ 12-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնի գործողություններ կատարելու մասին տեղեկատվությունն այսօր պաշտոնապես հաստատեց ՀՀ քննչական կոմիտեն։ Մոր նկատմամբ սեռական բռնություն չի կատարվել։
Թե ինչպես է տեղի ունեցել ոճիրը, ինչպես են դուռն առանց կոտրելու ներխուժել տուն, Պեմզաշենում պատմում են հետևյալը․ 31-ամյա կինը՝ Զարինեն, մթնշաղին լվացք է փռել ( ի դեպ, երեխաների շորերը դեռ փռված են նրանց բակում, տե՛ս լուսանկարում), երբ ավարտել է իր գործը, բացել է տան երկաթյա դուռը, որ ներս մտնի, ոճրագործներն այդ պահին խուժել են բակ, չեն թույլատրել Զարինեին դուռը փակի իր հետևից։
Անակնկալի եկած կինը փորձել է դիմադրություն ցույց տվել, որ վերջիններս ներս չմտնեն, սակայն անօգուտ։ Կան խոսակցություններ, որ կասկածյալներից մեկի ձեռքի ու կրծավանդակի հատվածում կնոջ ճանկռոցի հետքեր կան։ Սա էլ է օգնել իրավապահներին կասկածյալին փնտրելիս։
Գյուղացիների կողմից շրջառանվող ու իրավապահների կողմից ստուգվող վարկածի համաձայն՝ Ներխուժման ժամանակ երեխաները եղել են ննջասենյակում, պառկել են քնելու։ Պեմզաշենում նաև պատմում են, որ ձերբակալվածներից Վ․ Բ․ն, որը հոգեկան որոշակի շեղումներ ունի, երեք երեխաների հայր է, տևական ժամանակ հետապնդել է Զարինեին։ Վ․Բ․-ն բնակվել է Պեմզաշենի առողջության կենտրոնի մոտ, որտեղ աշխատում էր 31-ամյա կինը։
Վ․Բ․ն, ըստ գյուղում տարածված խոսակցությունների, ուսումնասիրության թիրախ էր դարձրել նաև Զարինեենց տունը։ Վերջինս, ըստ շրջանառվող խոսակցությունների, նախաքննական մարմնին տեղեկացրել է, որ Զարինեենց բակի շանը մի քանի օր է՝ հաց էր գցում, որ իր վրա սովորի, չհաչի։ Թե որ՞ն էր օրինակելի այս ընտանիքին բնաջնջելու պատճառը, գյուղում այս մասին որևէ տեղեկատվության չեն տիրապետում, գաղափար անգամ չունեն։
Զարինեի՝ արտագնա աշխատանքի գնացած ամուսինը, ըստ գյուղացիների, դեռ գումար չէր ուղարկել, նա մտադիր էր ուղարկելու, սակայն չէր հասցրել։ Գուցե ոճրագործները հենց այդ տեղեկությունն էին ճշտել ու մտել գումար պահանջելու։ Ի դեպ, ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, սպանված կնոջ ոսկյա շղթան ու կրծքազարդը, հանված է եղել նրա վզից։ Վ․Բ․ն խոստովանել է, որ տարել և վաճառել է։ Պեմզաշենում նաև խոսում են այն մասին, որ ոճրագործության հետքերը թաքցնելու նպատակով Զարինեի ու նրա զավակների սպանությունից հետո մաքրել են տունը, որն էլ ենթադրության առիթ է տվել, որ գործին խառնված է նաև կին։
Այս գյուղում պնդում են, որ նա կասկածյալ Վ․Բ․-ի հորաքույրն է, որն բավական տարեց կին է, հոգեկան խնդիրներ ունի, ժամանակին սպանել է նաև իր նորածնին՝ նրա գլխին ասեղներ խրելով, դատապարտվել է։ Վ․Բ-ի հայրն էլ , ըստ գյուղացիների, ՌԴ-ում է կախվել, նա ալկոհոլից, թմրանյութերից կախվածություն է ունեցել։ Գյուղացիների բնութագրմամբ, եթե չլիներ այս սահմռկեցուցիչը դեպքը, Վ․Բ․-ին՝ որպես պեմզաշենի բնակչի, չէին էլ հիշի․ նա տարբեր գործեր է արել, հիմնականում բանվորություն։
Գյուղացիները նաև տեղեկացնում են, որ կալանավորված Ա․Բ․ն արտագնա աշխատանքի է մեկնում, նա վերջերս էր վերադարձել ՌԴ-ից՝ հոկտեմբերի վերջերին, մի զավակ ունի, պատրաստվում է երկրորդ երեխան ունենալու։ Արդեն տեղեկացրել ենք, որ այս երկու ձերբակալված ընտանիքներին էլ գյուղից տարհանել են, որպեսզի վենդետա չլինի։ Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ Պեմզաշենում իրավիճակը վերահսկելի է, ոստիկանները 24 ժամ հսկում են գյուղը, պրոֆեսիոնալ աշխատանք են իրականացնում։
Ի դեպ, որոշ տեղեկություններ փորձեցինք ճշտել պաշտոնապես՝ զանգահարելով ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանին։ Վերջինս, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ միանգամից ասելով, որ տեղեկանք է պատրաստում Պեմզաշենի դեպքի մասին։
Մեր այն դիտարկմանը, թե տեղեկանքից դուրս «Առավոտը»՝ որպես լրատվամիջոց, իրավունք ունի ի՛ր հարցերը տալու, Վարդան Թադևոսյանը հակադարձեց․ «Դուք իրավունք ունեք հարցնելու, ես էլ իրավունք ունեմ պատասխանելու, որ չեմ կարող պատասխանել այս պահին ոչ մի բան»։ Մեր ճշտող հարցին՝հրապարակե՞նք, որ չեք կարող պատասխանել ոչ մի հարցի, ՔԿ-ի մամլո քարտուղարը պատասխանեց․ «Հրապարակեք, տեղեկանքը կհրապարակեմ, մանրամասները տեղեկանքի մեջ, հիմա մինչև տեղեկանքի հրապարակելը ոչինչ չեմ կարող ասել»։
Հիշեցնենք Վարդան Թադևոսյանին, որ լրագրողների հարցերին պատասխանելը իր անմիջական պարտականությունների մեջ է մտնում, նա իրավունք չունի հարցերին պատասխանելուց հրաժարվելու, իր առաքելությունը հենց դա է, դրա համար է պետական բյուջեից վճարվում, հատկապես այն դեպքում, երբ այլ լրատվամիջոցների այս նույն թեմայով նախքան իր ասած տեղեկանքի հրապարկումը հարցազրույցներ է տվել։