ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը:
«Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 2021-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ կողմից հայտարարված 3-ամսյա հավաքներին մասնակցած զինծառայող, շարքային Է.Ա-ն, կարճ ժամանակով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021-ի հոկտեմբերին «ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և «Վոթսափ» հավելվածի միջոցով նույն ժամանակահատվածում հավաքել և հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իրեն վստահված դիրքի, դրա կոնկրետ տեղակայման, դիրքապահ անձնակազմի քանակի, սպառազինության, դրանցում ծառայության անցկացման կարգի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց դիմաց ստացել է իբր իր զրուցակցի մերկ լուսանկարները»,- ասված է հաղորդագրությունում։
Քրեական վարույթի շրջանակներում քաղաքացին ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է: