Երեկվանից Yerevan.Today-ի խմագրությունը տասնյակից ավելի ահազանգեր է ստանում մեր Զինված ուժերի սպայական կազմից․ թիկունքից տհաճ անակնկալ են մատուցել։ Նախօրեին բարձրագույն սպայական կազմի միջոցով ստորին օղակներին ներքին կարգով հասկացրել են, որ փողի խնդիր կա, այս տարի 13-րդ աշխատավարձ կոչված պարգևատրումը չեն ստանա։ Հետն էլ զգուշացրել են չընդվզել, ավելորդ աղմուկ չբարձրացնել, առանց այդ էլ սահմանային լուրջ լարվածություն կա, երկիրն օրհասական վիճակում է․ այնպես որ դժգոհության ալիքը լրացուցիչ անգամ կրքեր կբորբոքի ու կհուսահատեցնի սպայական կազմին։
Բայց սա միակ տհաճ անակնկալ չէ տարեմուտից առաջ․ դեկտեմբերի աշխատավարձերը սպայական կազմն ստանալու է կես աշխատավարձի չափով՝ կրկին նույն պատճառաբանությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի աշխատավարձերի մյուս մասը ծառայողները կստանան հաջորդ տարի։
Պաշտպանության նախարարությունից պարզաբանում պահանջեցինք ստացված դժգոհությունների վերաբերյալ, այդ թվում՝ հիմնավորում, թե ինչ հիմնավորմամբ և ծառայողների որ խմբին է տարեվերջին աշխատավարձերը մաս մաս տրվելու։ ՊՆ-ից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, ինչը և արել ենք։
Նշենք, որ ֆինանսական դժգոհությունների մասին խոսք չկա ուժային մյուս կառույցներում և սա այն դեպքում, երբ հսկայական տարբերություն կա, օրինակ, Երևանի կամ մարզային քաղաքների փողոցներում շվշվոցով մեքենաներին ուղղորդող պարեկի ու սահմանապահ զինծառայողի վարձատրության միջև։
Պարեկային ծառայողով հպարտացող Նիկոլ Փաշինյանի չափանիշներով, սահմանային միջադեպերը կյանքի գնով կանխող սահմանապահը 130-150 հացար դրամ է վճարվում, իսկ պարեկը ամսվա 15 օր քաղաքային միջավայրի ներքին կարգուկանոնը հսկելու և հաճախ քաղաքացիներին ծեծի ենթարկելու ու անպատիժ մնալու համար՝ 360-400 հազար դրամ: