Հայկ Հ․-ին մեղադրանք է առաջադրվել կնոջը՝ Արմենուհի Խ․-ին, առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ մոտ մեկ տարի առաջ Գյումրիի բնակարաններից մեկում ամուսինները սկսել են վիճել կենցաղային հարցերի շուրջ։
Մայիսի 2-ին գործը վարույթ է ընդունվել ու մակագրվել դատավոր Տիգրան Ոսկանյանին։
Հայկ Հ․-ն 2-րդ բջջային հեռախոսահամար ունենալու, դավաճանելու շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում կնոջ հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով, ոտքերով և հարթաչափով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի և մարմնի տարբեր հատվածներին։ Հետո ասել է «Ծեծելով չես հասկանա, տաք վիճակում ավելի լավ կհասկանաս» արտահայտությունը, բերել է մետաղյա շամփուրը, շիկացրել է էլեկտրական ջեռոցի վրա, Արմենուհի Խ․-ին հրամայել է հանել հագին եղած գիշերազգեստը, ապա, ցուցաբերելով անգթություն և անողոքություն, շիկացած մետաղյա շամփուրով բազմաթիվ, այն է՝ 20 և ավելի, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։
Բացի այդ, Հայկ Հ․-ն կնոջը՝ Արմենուհի Խ․-ին, մեկ այլ օրը դավաճանելու շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում նրա հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ` հասցնելով նրան ծանր վիրավորանք, և կատարելով «Սիկ վերջդ է» արտահայտությունը, երկու անգամ ձեռքով հարվածել է նրա ձախ ձեռքի բազկի հատվածին, երկու անգամ թիկունքի ձախակողմյան հատվածին, ապա տաբատի գրպանից հանել է դանակ, բազմաթիվ և չնչին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ նշված դանակով հարվածներ է հասցրել կնոջ ձախ ոտքի ազդրի տարբեր հատվածներին՝ ասելով․ «Հիմի ինչ օր կենեմ, ձեն չես հանե, օր տնեցինք չլսեն»։
Նույն օրը բռունցքով մեկ անգամ հարվածել է աջ աչքի շրջանում, խոհանոցից վերցրել է սրբիչը, որի մի մասով փակել է Արմենուհի Խաչատրյանի բերանը, իսկ մյուս մասը փաթաթել է պարանոցին և սեղմել, որից վերջինս սկսել է շնչահեղձ լինել, ապա դրսևորելով բացառիկ անգթություն և անողոքություն՝ գիշերային հանգստի ժամին կնոջը քարշ տալով տարել է շենքի շքամուտք, որտեղ շարունակել է սրբիչով սեղմել պարանոցը, և հարցնելով, թե պատրաստ է վերջինս մեռնել՝ մոտեցրել է աստիճանահարթակին, բացառիկ վայրագությամբ կնոջ աչքից հոսող արյունն իր իսկ ձեռքով տարածել է վերջինիս դեմքին։
Կրկին քարշ տալով Հայկ Հ․-ն նրան տարել է բնակարանի խոհանոց, պահանջել է հանել հագին եղած հագուստները և շարունակելով դրսևորել դաժան և անմարդկային վերաբերմունք՝ բացել է տան պատուհանը՝ ստիպելով կնոջը ձմեռային ցրտին կանգնել բաց պատուհանի դիմաց առանց հագուստների՝ միաժամանակ կատարելով «տեսնենք ինչքան կկարողանաս ցրտին դիմանաս» արտահայտությունը։
Բացի այդ, ամուսինը կնոջը փակել է տանը, ներսից կողպել է մուտքի դուռը, արգելել որևէ մեկի հետ շփումը առանց իր ներկայության՝ սպառնալով հեռանալու դեպքում սպանել Արմենուհի Խ․-ին և նրա հարազատների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել:
Առաջիկա դատական նիստը տեղի կունենա հունիսի 27-ին։