Սա պատմական իրավիճակներից մեկն է, որը մենք չենք զգում ու չենք արձագանքում այն ուժով, որ մենք պետք է անեինք: Այս մասին 5-րդ ալիքին տված
հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք դժգոհություններ ունի ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերից ստեղծված իրավիճակում:
«Իմ կողմից անհանգստությունը կամ դժգոհության ինչ-որ էմոցիան գալիս է նրանից, որ զգացողությունը, որ սա ոչ թե Արցախի խնդիրն է, ոչ թե Արցախում ապրող մարդկանց ինչ-որ դժվարությունների հետ կապված արձագանք պետք է արվի, այլ ամբողջ հայության ամենակարեւոր, պատմական իրավիճակներից մեկն է, որը մենք չենք զգում ու չենք արձագանքում այն ուժով, որ մենք պետք է անեինք: Որովհետեւ զգաստությունը,
այդ զգացողությունը, որ սա պատմական կարեւոր կարող է մեր սխալը լինի, եթե մենք այսպես հանգիստ, կամ ոչ հանգիստ, բայց մինչեւ վերջ չպայքարելով, կամ ավելի ճիշտ 100 տոկոսով չենք պայքարում Արցախի համար: Դա չի նշանակում, որ 0 է, ուղղակի 100 տոկոս մենք չենք զգում այդ կարեւորությունը` ինչ է կատարվում Արցախում եւ
ինչու է Արցախի ապագան ազդելու եւ Հայաստանի, եւ հայկական աշխարհի վրա: Մի մասի մոտ անտարբերություն կա, բայց ես կրկին ուզում եմ նշեմ, որ Արցախը համահայկական խնդիր է, եթե մենք կորցնենք Արցախը, մենք կկորցնենք մեր ամենակարեւոր արմատներից մեկը, որը շատ կարեւոր է»,- ասաց նա:
Անդրադառնալով իր հասցեին Ադրբեջանի ԱԳ նախարարի քննադատությանը, որ իբր ինքը չի թողնում արցախցիները «վերաինտեգրվեն» Ադրբեջանին, պետնախարարը ասաց, որ ինքը այս կապակցությամբ ուրիշ տեսակետ ունի եւ արցախցիները պետք է բոլորը միասին որոշեն, որ պայքարում են եւ պայքարեն:
«Պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջեւ, ազնիվ ասենք մեր որոշումը եւ փորձենք իրականացնել, որովհետեւ այդ կիսասուտը, կիսաճիշտը, կիսախոսքը բերում է ամենածանր բանին, որ մարդիկ կորցնում են իրենց հավատը դեպի ղեկավարություն, դեպի առաջնորդները:
Որոշումները պետք է հստակ լինեն եւ պետք է իրականացվեն եւ մարդիկ պետք է վստահ լինեն, որ այդ որոշումների տակ չկան 2-րդ, 3-րդ շերտ, եւ իրենց անձնական խնդիրները չեն լուծում»,-ասաց նա:Հիշեցնենք, որ արդեն 18 օր ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները փակ են պահում
Բերձորի միջանցքը` լիակատար շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետությունը: Արցախում բնակվող 120 հազար քաղաքացիներ, այդ թվում 30 հազար երեխաներ հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին: