Ադրբեջանական սադրանքից զոհված Արմո Աբգարյանը եւ Գագիկ Բալայանը կամավոր էին. երկուսն էլ 4 երեխա ունեին

Մարտակերտի եւ Մարտունու ուղղությամբ հունիսի 28-ին ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով զոհված ՊԲ զինծառայողներ Արմո Աբգարյանը եւ Գագիկ Բալայանը Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից էին:

NEWS.am-ին Գիշիի գյուղապետ Սերոբ Աղաբեկյանը ասաց, որ Արմո Աբգարյանը 54 տարեկան էր, Գագիկ Բալայանը՝ 36:

«Երկուսն էլ աշխարհազորային էին, կամավորներ: Գագիկն էլ Արմոն էլ 4 երեխա ունեն, բազմազավակ ընտանիք են: Արմոյի 2 երեխաները անչափահաս են, Գագիկինը 4-ն էլ անչափահաս են: Գագիկն էլ զոհվածի որդի է»,- պատմեց Սերոբ Աղաբեկյանը:

Գյուղապետի խոսքով՝ նրանք հիմնականում գյուղատնտեսությամբ էին զբաղվում. «Սոցիալապես այդքան էլ ապահովված ընտանիք չէր»:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Մարտակերտի եւ Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադեւոսյանը եւ Գագիկ Բալայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ։