Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նկուղային հարկում ինքնաձիգեր են հայտնաբերվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ;
Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են մինչև կժամանեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Ոստիկաններն ու պարեկները ինստիտուտի նկուղային հարկում, արկղերի մեջ հայտնաբերել են մի քանի փոշոտված ինքնաձիգեր։
Թե ինչ հանգամանքներում են ինքնաձիգերը հայտնվել ինստիտուտում՝ պարզվում է։
Դեպքի փաստով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ դրանք փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։