Ադրբեջանի զինդատախազությունը անցյալ տարի քրեական գործ է հարուցել՝ կապված, այսպես կոչված «պատերազմական հանցագործությունների հետ», որոնք, իբր, «Հայաստանի Զինված ուժերը կատարել են ադրբեջանցիների դեմ»։
Այդ մասին գրում է Հաքին․ազ-ը՝ հղում անելով գերատեսչությանը։
Նշվում է, որ 297 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ․ նրանք բոլորը հետախուզման մեջ են։
Ցուցակում ընդգրկված է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։
2022 թվականի փետրվարից Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նաև Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Ադրբեջանի դատախազության տվյալներով՝ Քոչարյանն ու Սարգսյանը հետախուզվում են 1988 թվականից՝ «իրենց անջատողական գործունեության համար»։ Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է զինվորական դատախազության հատուկ քննչական բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևը։
Ադրբեջանի կողմից հետախուզվողների ցուցակն այսքանով չի սահմանափակվում. 2020 թվականի նոյեմբերին հետախուզում է հայտարարվել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԼՂ ԱԳՆ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանի, ինչպես նաև Արման Բաբաջանյանի ու Ջալալ Հարությունյանի նկատմամբ։
Ցուցակում կան նաև հայ գործարարներ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը և «Ռոյալսիս»-ի սեփականատեր Դավիթ Գալստյանը:
Ինչպես հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, «այդ անձինք 2001-2021 թվականներին մեծ ծավալով Հայաստան են տեղափոխել ռազմական զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, որոնք այնուհետ տեղափոխվել են Ղարաբաղ և հարակից տարածքներ»։ Ըստ ադրբեջանական կողմի, նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է ։ միջազգային հետախուզում։
Նշվում է, որ Ադրբեջանը դիմել է օտարերկրյա գործընկերներին իրավական օգնության համար։