Ադրբեջանի ոստիկանական ուժերը մտել են Ստեփանակերտ. նրանց մեքենաները նկատվել են քաղաքի փողոցներում, Արցախի խորհրդանիշներից մեկը համարվող «Մե՛նք ենք մեր սարերը» կոթողի մոտ:
Համապատասխան տեսանյութերը տարածվել են ադրբեջանական թելեգրամյան ալիքներում:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման մասին: Ըստ հրամանագրի՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու են բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։
Մինչդեռ Արցախի բնակչությունը, ներառյալ հանրապետությունից դուրս գտնվողները, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ծանոթանան Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին` ապագայում Արցախում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից անմիջապես հետո։