ԿԱՐևՈՐ ԼՈՒՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ… շուտեվ նոր փոփոխություն է սպասվում

Սեպտեմբերի 18-ին hetq.am-ը գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին նոր դասագրքերի շուրջ ստեղծված իրավիճակի, հանրակրթության պետական նոր չափորոշչի մասին։ Ներկայացնում ենք գրավոր հարց ու պատասխանից հատնավ, ամբողջականը կարող եք ընթերցել սկզբնաղբյուր կայքում:

Կրթության փորձագետ. «Չի ասվում այն մասին, որ որոշ դասագրքեր չեն լինելու մինչեւ մայիս»
-Սեպտեմբերի սկզբին 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանների աշակերտների ծնողները տեղեկացան դասագրքերի ուշացման մասին։ Տպագրության ի՞նչ ժամանակացույց էր ընտրվել, ինչո՞ւ է խախտվել այն։

-Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական առարկաների նոր որակյալ դասագրքերի ստեղծման նպատակով 2022 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հայտարարվել էին դրամաշնորհային մրցույթներ՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարանների թվով 65 անուն դասագրքերի համար: Անհրաժեշտ է նշել, որ դասագրքաստեղծ խմբերի առաջարկությամբ մրցույթների վերջնաժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է, ինչի հետեւանքով հայտերը բացվել են միայն 2023 թ. հունիսի 1-ին: Դրան անմիջականորեն հաջորդել է դասագրքերի փորձաքննության եւ տպագրության գործընթացը: Ի դեպ, բոլոր այն դեպքերում, երբ տվյալ դասարանի տվյալ առարկայի համար մեկից ավելի դասագիրք է ստեղծվել, այն տեղադրվել է համապատասխան հարթակներում՝ ուսուցիչներին հնարավորություն տալով ուսումնասիրել եւ ընտրել դասագրքերից մեկը: Սա եւս լրացուցիչ ժամանակ է պահանջել:

-Մինչեւ ուսումնական տարվա ավարտը ո՞ր դասարաններում նոր դասագրքեր չեն լինելու եւ ինչո՞ւ։

-2023 թ. հունիսի 1-ին հայտերի բացման արդյունքում պարզ է դարձել, որ մասնակիցների կողմից հայտեր ներկայացվել են թվով 49 անուն դասագրքերի վերաբերյալ, որոնցից 2-ը՝ «Ֆրանսերեն 5» եւ «Ֆրանսերեն 7», հայտահրավերի պահանջները չբավարարելու պատճառով փորձաքննության չեն ներկայացվել: Վերոնշյալ մրցույթների արդյունքում հայտ չի ներկայացվել «Ռուսաց լեզու 5», «Ֆիզկուլտուրա 7», «Գերմաներեն 7», «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն 7», «Ռուսաց լեզու 7», «Արվեստ 7» առարկաների դասագրքերի համար:

Ներկայացված այն դասագրքերը, որոնք հունիս-հուլիս ամիսներին տեղի ունեցած փորձաքննությունների ժամանակ հաղթահարել են սահմանված անցողիկ շեմը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի՝ 2023 թ. օգոստոսի 3-ի «2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների գործածության երաշխավորված դասագրքերի օգտագործման ժամկետները եւ ցանկը հաստատելու մասին» N 1342-Ա/2 հրամանով երաշխավորվել են գործածության:

Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ հանրակրթական դպրոցներն արդեն իսկ ստացել են նոր դասագրքերի ճնշող մեծամասնությունը. մյուս դասագրքերի տպագրությունն ընթացքի մեջ է եւ մինչեւ սեպտեմբերի վերջ կբաշխվի հանրապետության հանրակրթական դպրոցներին:

Հաջորդ ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել է նոր դրամաշնորհային մրցույթներ` հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, ինչպես նաեւ 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարանների բացակա դասագրքերի համար:

Այն առարկաների պարագայում, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել՝ համապատասխան հայտի բացակայության կամ չհաստատվելու պատճառով, ուսումնական գործընթացը կազմակերպելիս պետք է առաջնորդվել ԿԶՆԱԿ-ի կողմից մշակված, ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում փորձարկված ուսումնական նյութերով՝ դրանք համադրելով նախկինում գործածված դասագրքերի հետ:

-Նշված երեք դասարաններում (2-րդ, 5-րդ, 7-րդ) դասագրքերի փոփոխությունը պայմանավորել եք հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց այդ դասարաններից է սկսվել գործընթացը։ Խնդրում եմ մանրամասնեք նաեւ, թե ինչ նպատակ է դրվել այդ փոփոխության հիմքում։

-Հանրակրթության պետական չափորոշչի ներդրումն իրականացվում է որոշակի ճանապարհային քարտեզով, որը կիրառվել է Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման ժամանակ: Այն ենթադրում է չափորոշչի ներդրման մեկնարկ 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում: Հաջորդող ուսումնական տարվա ընթացքում չափորոշիչը պետք է ներդրվի հերթական, այսինքն՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ եւ 11-րդ, իսկ վերջին տարում՝ 1-ին, 4-րդ, 9-րդ եւ 12-րդ դասարաններում՝ այսպիսով ամբողջացնելով կրթական շրջափուլը:

Այնուամենայնիվ, 10-րդ դասարանում մոտ 12 դասագրքի բացակայությամբ պայմանավորված փոփոխություն է կատարվել չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզում: 10-րդ դասարանում հանրակրթության պետական չափորոշիչը կներդրվի 2024-2025 ուսումնական տարում

-Քանի՞ հայտ է ստացել նախարարությունը դասագրքերի պատրաստման համար, ի՞նչ պահանջներ են դրված եղել մրցույթում, քանիսի՞ հայտն է բավարարվել։ Կա՞ն դեպքեր, երբ հայտ չի եղել, եւ մրցույթը ստիպված հետաձգվել է։ Եթե այո, ապա ո՞ր դասարանների դասագրքերի դեպքում է եղել։

-Հայտարարված 65 անուն դասագրքի դրամաշնորհային մրցույթներին ներկայացվել է 49 անուն դասագրքի հայտ:

-Վերը նշված երեք դասարանների (2-րդ, 5-րդ, 7-րդ) դասագրքերի տպագրության համար ինչքա՞ն գումար է նախատեսված եղել։ Արդյոք դա բավարար է եղել։ Հրատարակիչներից դժգոհություններ ստացե՞լ եք։

-Նշենք նաեւ, որ 5-րդ եւ 7-րդ դասարանների դասագրքերի տպագրության գործընթացն իրականացնում է Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը, իսկ ԿԳՄՍ նախարարության կողմից տպագրվում են միայն 2-րդ դասարանի դասագրքերը: Այդ նպատակով 2023 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված է 397.425.300 ՀՀ դրամ: