Արsшկարգ Lпւր․ ՌԴ-ն hшնում է զենfը Հայաusшնից․ Ինչ է կաsшրվում
Lragir.am-ը գրում է․
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հստակ գնահատական տվեց Արցախում բնիկ մեծամասնության բռնի տեղահանությանը, Ռուսաստանի ու ազերբայդժանի գործողություններին, դրանք որակելով ոճրագործություն եւ ընդգծելով Մոսկվայի ու Բաքվի համատեղ գործելու իրողությունը։
Կոլոննան խոսեց Արցախի բնիկ մեծամասնության քաղաքական իրավունքների, Մոսկվայի ու Բաքվի ոճրագործության հետեւանքների վերացման անհրաժեշտության, ինչպես նաեւ ՄԱԿ ԱԽ-ում համապատասխան բանաձեւի ընդունման հարցում Ֆրանսիայի ջանքերի մասին։
Կոլոննան հայտարարեց, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում խոսել են պաշտպանության և անվտանգության հարցերի մասին․ «Կցանկանայի հրապարակային ասել` Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունն ապահովել»: Նա ընդգծել է, որ իր այցը Հայաստան հերթական մի ձև է ցույց տալու, որ Ֆրանսիան զգոն է լինելու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ցանկացած սպառնալիքի, ցանկացած մտքի նկատմամբ:
Մի քանի օր առաջ հանդիպել էին Երեւանում Ֆրանսիայի եւ Իրանի դեսպանները եւ քննարկել «Հայաստանում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները»։ Ֆրանսիան եւ Իրանը հանդես են գալիս ՀՀ սահմանադրական տարածքի պահպանման եւ աշխարհքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ հրապարակային հայտարարություններով։ Ակնհայտ է, որ դեսպանների հանդիպմանը շոշափվել է անվտանգության հարցերում համադրման եւ լոգիստիկայի խնդիրը։
Ռուսաստանը զենք չի մատակարարում Հայաստանին, չի վերադարձրել նաեւ զենքի համար նախապես վճարված գումարները։ ՌԴ-ն ուկրաինական ճակատ է տեղափոխել իր իսկ հրահրած 1-օրյա տարօրինակ պատերազմի ընթացքում Արցախի ՊԲ-ից խլած մոտ 1,5 միլիարդ դոլարի զենքը։ Տեղեկություններ կան, որ ՌԴ-ն Հայաստանից հանում է նաեւ Գյումրիի 102-րդ բազայի սպառազինության մեծ մասը, Տաջիկստանում ռուսական ռազմաբազաների օրինակով։
Հայաստանը սպառազինության մատակարարման պայմանագրեր ունի Հնդկաստանի հետ, սակայն, դատելով հայ եւ հնդիկ կողմերի հայտարարություններից, կա լոգիստիկայի խնդիր, որի հետեւանքով մատակարարումները դանդաղում են։
Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրապարակային հայտարարությունը քաղաքական ու ռազմական ահռելի նշանակություն ունի։ Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ մշտական անդամ է եւ միջուկային տերություն, միեւնույն ժամանակ՝ բարձրտեխնոլոգիական սպառազինության արտադրության առաջատարներից մեկն աշխարհում։ Նման սպառազինության մատակարարումները կարող են վերացնել ներկայիս վիհը ազերբայդժանի եւ Թուրքիայի ԶՈՒ հետ, միեւնույն ժամանակ վերակառուցել հայկական ԶՈՒ-ն ժամանակակից ստանդարտներով։
Խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունը, որը բազմիցս թիկունքից հարվածել է Ֆրանսիային ու անձամբ նախագահ Մակրոնին, տապալելով ֆրանսիական մի շարք նախաձեռնություններ, այս հարցում էլ փորձելու է խոչընդոտներ հարուցել։ Համենայնդեպս, Արցախի հարցում «իրավունքներ եւ անվտանգություն եւ դրանց հասցեագրում» ագենտուրային առաջադրանքն իրականացնելով, ՀՀ իշխանությունը ներկայում անցել է միջազգային հանրությանը «ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության» հասցեագրմանը, հրաժարվելով ՀՀ տարածքը եւ բնակչությանը պաշտպանելու իր պարտավորությունից։