Հենց այսօր կանգնիր ժողովրդի առաջ, նայիր մեր աչքերին և ասա՝ Արցախը նվիրելուց հետո «անկլավներն» է՞լ ես նվիրում Ադրբեջանին․ Վարդան Օսկանյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի սխալների շքերթը շարունակվում է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Վերջինը, նրա խոսքով, Գրանադայում ստորագրված քառակողմ հռչակագիրն է, որից հետո իշխանականները «հերոսաբար» հայտարարում են, թե հասել են ՀՀ տարածքային ամբողջականության «պաշտպանությանը»։

««Հերոսաբար» ներկայացնում եք, թե ինչ-որ գործ ենք արել, «հաջողություն» եք ունեցել, որ աշխարհը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը ․․․ Իսկապե՞ս, լուրջ եք ասո՞ւմ»,- նշել է Օսկանյանը:

«Փաշինյանի հասկացած տարածքային ամբողջականությունը մեզ համար անորոշ է, այդ թվերը, քառակուսի կիլոմետրերը, որոնք այնտեղ նշվել են, մեր ժողովրդի համար այսօր ոչինչ չեն նշանակում: Առնվազն հենց այսօր Փաշինյանը պետք է կանգնի ժողովրդի առաջ, նայի ժողովրդի աչքերին և հստակ ասի՝ այդ թվերի մեջ ի՞նչ է մտնում, այսպես կոչված անկլավները այդ թվերի մեջ կա՞ն, չկա՞ն։

Քո շրջապատի մարդկ ասում են՝ չկա, բայց դու ասուլիսի ժամանակ ասացիր, որ այո, դա էլ ես տալիս: Իրո՞ք, դա՞ էլ ես տալիս, դա՞ է քո հասկացած տարածքային ամբողջականությունը․ որ ՀՀ քաղաքացին Պարսկաստան, Վրաստան գնալուց անցնի Ադրբեջանո՞վ, դա՞ է լինելու մեր տարածքաին ամբողջականությունը»,-Փաշինյանին հարց է ուղղել Օսկանյանը:

ՀՀ ԱԳ նախկին նախարարը շեշտել է՝ պատերազմում պարտությունից, Արցախը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ մնալ իր պաշտոնում։

«Իսկ եթե այդ ամենից հետո, Արցախից հետո, որ դու նվիրել ես Ադրբեջանին, դրան գումարած՝ տալիս ես «անկլավները», դու արդեն գոյություն չունես»,- ասել է Վարդան Օսկանյանը