Ուշագրավ․ 29,8-ը չկա, լինելու է այլ բան

ՀՀ վարչապետի աթոռին դրված սրիկան Գրանադայում, ապա Ստրասբուրգում վերահաստատեց հայկական պետականությունը կազմաքանդելու ծրագրի իր առաջնորդությունը, ճանաչելով Բաքվի 86,6 քկմ-ն՝ առանց ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը հարգելու Բաքվի փոխադարձ պարտավորության: Ինքն էլ նվնվում է, որ Բաքուն հստակ չի նշում 29,8-ը ճանաչելու մասին․․․

Սա նույնքան շինծու նվնվոց է, որքան Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացման եւ այն Բաքվի լիակատար վերահսկողությանը հանձնելու պարագային․․․

Միջանցքի կարգավիճակի վերացումը Արցախի ցեղասպանության եւ ՀՀ տարածքը միջանցքներով վերաձեւելու անհրաժեշտ պայմանն էր․․․

Ինչպես դա իրագործվեց՝ նախ Մեղրիի միջանցքի շուրջ աղմուկով փակվեց Բերձորի միջանցքը (ՀՀ-ն չի ներգրավվելու Լաչինի միջանցքի շուրջ բանակցություններին, որպեսզի չբարձրացվի Մեղրիի միջանցքի հարց՝ Փաշինյան, Միրզոյան, Սիմոնյան), ապա այն «ռեբրենդինգի» ենթարկվեց՝ անունը դնելով հայկական խաչմերուկ, Ստրասբուրգում էլ՝ խաղաղության խաչմերուկ․․․

ՀՀ վարչապետի աթոռին դրվածի կողմից 29,8-Ալմաթին, ինչպես նաեւ խորհրդային քարտեզների հիման վրա սահմանազատումը ի սկզբանե շինծու պատրվակ էին հայությանը մոլորեցնելու համար՝ «Արցախը հանձնենք, որ Հայաստանը փրկենք»։ Իրականում, Արցախի օկուպացիան ճանապարհ է բացել ՀՀ մնացած տարածքի լայն վերաձեւման համար․․․

Փաշինյանը հանձնել է ռազմավարական բարձունքները Սոթք-Խոզնավար գծով, Սյունիքի մարզը եւ ՀՀ տարածքի այլ ռազմավարական շրջաններ հանձնել ռուսական զորքին, որը կատարելու է նույն գործառույթը, ինչ Արցախում՝ ՀՀ մնացած տարածքի օկուպացիայի օպերատիվ երաշխավորում եւ ուղիղ մասնակցություն․․․

Հանրայինին տված հարցազրույցում եւ Ստրասբուրգի իր ելույթում սրիկան վերահաստատել է իր առաջնորդությունն այս ծրագրին։ Պատահական չէ, որ Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ 1970-ականների քարտեզները, ինչպես նաեւ 1991-ի Ալմաթիի հռչակագիրը չեն կարող սահմանազատման հիմք լինել։ Պետք է հասկանալ, որ Մոսկվան, Բաքուն ու Անկարան գործում են Փաշինյանի տված «իրավունքների» եւ միջազգային ատյաններում ոճրագործ ծրագրերը «լեգիտիմացնելու» նրա հանձնառության շրջանակում, առանց դրա հնարավոր չէ․․․

Չի լինելու 29,8, ՀՀ տարածքն արդեն իսկ օկուպացված է։ Լինելու է հետեւյալը՝ կամ իրագործվելու է Հայաստանի վերացման Նիկոլ-Մոսկվա-Անկարա ծրագիրը, կամ լինելու է մեծ եւ ինքնիշխան Հայաստան։ Սա է իրողությունը, ցավոք թե բարեբախտաբար, եւ սա է հայ ժողովրդի անելիքը՝ իր ճակատագիրը վերցնել իր ձեռքը․․․

Ռուսական զորքը պետք է հեռացվի իր տեղակայման վայրերից, սպառազինությունը պետք է առգրավվի։ Հայոց բանակի նվիրյալ զինծառայողները չպետք է կատարեն հանցավոր հրամանները․․․