Uшրuшփելի դшժшն վթшր ՀՀ-ում․ Կшն զрhեր և վիրшվորներ․ Lուuшնկшրներ դшժшն դեպքից
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ-ում Հոռոմ-Բենիամին գյուղամիջյան ճանապարհահատվածում բախվել են BMW, Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford-ը կողաշրջվել է, 2 հոգի տեղում մահացել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 4 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Մահացածներին և վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Վանիկ Շաղոյանի գլխավորությամբ:
Տեղում էր նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանն ու Արթիկի և Անիի դատախազ Սարգիս Պետրոսյանը: Վթարի մասին ոստիկանության Արթիկի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի, Արթիկի և Անիի քննչական բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք: