Արթուր Գրիգորիչից մինչև Արա Մարտիրոսյան․ Երգի պետական թատրոնի մահացած աստղերը
Լուսահոգի Արթուր Գրիգորյանի (Արթուր Գրիգորիչի) հիմնած Երգի պետական թատրոնը (հիմնադրվել է 1994 թվականի ապրիլի 1-ին, Երևանում՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի վերակազմավորման արդյունքում․․․
\Թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, ով մինչ այդ Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր) կարելի է հայկական էստրադային գլխավոր դարբնոցը համարել։ Այնտեղից դուրս են եկել ու բազմահազար երկրպագուների սրտերը գրել բազմաթիվ արտիստներ։ Նրանցից ոմանք, ցավոք, ժամանակից շատ շուտ բռնել են երկնային կյանքի ուղին․․․
2006 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Սևան- Մարտունի- Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով (սեփական ավտոմեքենան վարելիս), 30 տարեկանում մահկանացուն կնքեց Հայաստանի երգի պետական թատրոնի երգչուհի Վարդուհի Վարդանյանը․․․
2013 թվականի հունիսի 16-ին ԱՄՆ-ում մահացավ Թատրոնի հիմնադիր արտիստներից Աշոտ Հախեյանը, ով հայտնի է նաև Նադեժդա Սարգսյանի և «Հայեր» խմբի հետ իր կատարումներով։
2019 թ․ դեկտեմբերի 4-ին՝ 56 տարեկանում մեզ հրաժեշտ տվեց երգիչ, երաժիշտ Արմեն Գեւորգյանը։ Արտիստը ծնվել էր Գյումրիում, սովորել Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում: Աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում ստեղծման օրից մինչեւ 1994 թ.: Մոսկվայում դասավանդել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, միաժամանակ՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտում: 2004 թ. վերադարձել է Երեւան եւ մինչև 2011 թ. դասավանդել է Հայաստանի էստրադային-ջազային արվեստի պետական քոլեջում:
2021 թ․ սեպտեմբերի 29-ին՝ 48 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացավ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ, հայկական ռոմանսի «նորագույն արքա» Հայկոն։ Սեպտեմբերի 21-ին երգիչը ծանր վիճակում տեղափոխվել էր Միքայելյան համալսարանական հիվանդանոց։
Երգի պետական թատրոնի բովով անցած Հայկոն 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։ 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։
2022 թ․ փետրվարի 4-ին՝ 64 տարեկան հասակում վախճանվեց կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երգի պետական թատրոնի հիմնադիր և երկարամյա ղեկավար Արթուր Գրիգորյանը:
Նա հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։
2023 թ․ դեկտեմբերի 15-ին սրտի կանգից մահացավ Երգի պետական թատրոնի դարբնոցով անցած, սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը․ նա երկարատև ժամանակ սրտի հետ խնդիրներ ուներ, մի քանի շունտավորման վիրահատություն էր տարել: Երգիչը 46 տարեկան էր: Անցած ամիս կյանքից հեռացել էր երգչի մայրը: Ինչպես նշում են հարազատները, մոր կորուստը Արան շատ ծանր է տարել:
Հ․Գ․Երգի պետական թատրոնի հիմնադիր արտիստների թվում է նաև երգչուհի Անահիտ Մանուկյանը։ Նա 90-ականներին համարվում էր ամենահայտնի երգչուհիներից մեկը, որի ճակատագրի մասին տեղեկություն չունեն նույնիսկ նրա ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։ Լուրեր կան, որ Հոլանդիայում է և հայտնվել է հոգեբուժարանում: Անահիտ Մանուկյանի անհետացումն առ այսօր առեղծված է համարվում։