«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ն այցելել է Հայաստանում գործող կանանց միակ մենաստան, որը գտնվում է Արագածոտնի Ղազարավան գյուղում։
Թվով 9 կին առանձնացել են այստեղ և ճգնում են աշխարհի մեղքերի ու բոլորի հոգիների փրկության համար։
«Իրենք նուրբ հոգի ունեն, բարի մարդիկ են։ Աշխարհից կտրված, լռության, խաղաղության մեջ իրենք աղոթում են և՛ իրենց հոգու փրկության համար, և՛ բոլորիս՝ մեր ազգի, մեր հայրենիքի, մեր Սուրբ եկեցեցու»,-ասաց Տեր Գարեգին քահանա Արսենյանը։
Մայր Եղիսաբեթը մի քանի եկեղեցիներում է անցկացրել իր կյանքը, բայց ասում է աղմուկը, մարդկանց ներկայությունը թույլ չի տվել, որ ինքն ու միանձնուհիները կարողանան ապրել կատարյալ խաղաղության մեջ։
Ի վերջո Ամենայն հայոց Հայրապետի՝ Գարեգին Երկրորդի օրհնությամբ կառուցվում է Հայաստանում կանանց միակ մենաստանը, որտեղ էլ կանայք ապրում են 2018 թվականից։
Մարդկային ճակատագրերը տարբեր են, յուրաքանչյուրն ունի իր պատմությունը․ բայց այստեղ ապրող կանանց միավորում է մեկ ուղղի՝ ճանապարհ դեպի կատարելություն, դեպի Աստված։ Մեկը թողել է իր հիվանդ տատիկին, մյուսն իր երեխաներին, թոռներին։ Իրենց հետևում թողել են մի ամբողջ կյանք ու եկել՝ ճգնելու։
Մայր Եղիսաբեթը Աբխազիայից է եկել Հայաստան։ Ավելի քան 20 տարի ապրում է ճգնավորի կյանքով։
-Ինչո՞ւ և ինչպե՞ս որոշում ընդունեցիք գալ մենաստան։
-Դա շատ բարդ էր, որովհետև ես անկեղծ ասած՝ չեմ էլ որոշել։ Նախ հավատքի ես հետաքրքիր ձևով եկա։ Շատ ուժեղ կոմսոմոլ էի և երբ որ երկրաշարժը եղավ, այդ ժամանակ ես ձայն լսեցի։ Ծնունդով Աբխազիայից եմ, մեզ մոտ կային աքսորված միանձնուհիներ։ Մենք այդ ժամանակ փոքր էինք, ոչ էլ հասկանում էինք դա, ծաղրում էինք և այնտեղ մի հատ տատիկ կար, որ ասում էր՝ вот придёт мишка мечен и конец советской власти: Երբ որ երկրաշարժի ժամանակ եկավ Գարբաչովը, իր վրա այդ խալը տեսա ու ականջիս եկավ այդ տատիկի ձայնը։ Անսովոր բան ինձ հետ կատարվեց։ Հասկացա, որ Աստված իսկապես կա և դարձի եկա։ Դրանից հետո եկեղեցի էի այցելում, բայց մտքումս չկար, որ միանձնուհի լինեմ։ Հետագայում Գարեգին 2-րդը կանչեց։ Երբ որ ինձ կանչեցին, ասացին՝ Վեհափառը կանչում է, ես շատ վախեցա, որովհետև չէի էլ պատկերացնում՝ ինչի համար։ Վազելով գնացի Տեր Կյուրեղի մոտ, նա իմ խոստովանահայրն է եղել և իրեն ասացի՝ կանչում է Վեհափառը, ես վախենում եմ։ Նա մի հատ խփեց գլխիս ասաց՝ գնա և Հաղպատի պատերով գլուխդ խփի, բայց հետ չգաս, դու դրսում փրկություն չունես, դե ես էլ լսեցի իմ խոստովանահորը և գնացի։ 2000 թվականի մայիսի 11-ից մինչև այսօր այստեղ եմ։
-Ինչքանո՞վ էր կարևոր, որ դուք ունենաք այս առանձնացված անկյունը։
-Այնքանով, որ վերջապես խաղաղ անկյուն լինի, որ մենք կարողանանք մեր հոգիների փրկության համար մտածենք և մեր ազգի համար իսկապես, ի սրտե, կարողանանք աղոթել, ոչ թե այդ աղմուկների մեջ, որ մենք անցկացրել ենք եկեղեցիներում։ Այստեղ խաղաղ է, ինքներդ էլ տեսնում եք, եթե ոչինչ էլ չես ասում, գիտես, որ Աստված կողքիդ է։
-Ո՞րն է միանձնուհիների առաքելությունը։
-Առաջնահերթ՝ հնազանդությունը։ Սա Վեհափառի երազանքն էր, իսկապես կարևոր է նրանով, որ ասենք՝ մենք ասում ենք, որ վանականներ են մեր եպիսկոպոսները, բոլոր կուսակրոնները, բայց իրենք ավելի վարչական աշխատանքներով են զբաղված, իսկ մերն առաջնահերթ աղոթքն է։
-Ինչպե՞ս են այստեղ ընդունվում և ովքե՞ր կարող են ընդունվել։
-Ասենք, եթե ինձ են դիմում, ես որոշ հարցեր իրենց հետ քննարկելուց հետո, իրեն ուղարկում եմ Սրբազանի մոտ։ Սրբազանի հետ զրույցից հետո փորձնական շրջան է որոշվում, հետո ըստ այդմ երևում է, նա իսկապես վանք է ընտրել, թե առանց պատկերացնելու է եկել։ Եթե մարդն ունի ծնող, որին ուրիշ պահող չունի, իր պարտականությունը պիտի կատարի, եթե ունի անչափահաս երեխա, պիտի իր պարտականությունը կատարի կամ, եթե ամուսնացած է իրավունք չունի թողնել և վանք գալ։
-Ինչո՞ւ, եթե դա մարդու ընտրությունն է։
-Այդ ընտրությունը միասնաբար պետք է լինի, այդ դեպքում ամուսնու հետ պետք է համաձայնության գան։
Քույր Շուշանիկը կանանց մենաստանում է 2018 թվականի հունվարի 10-ից։
Մասնագիտությամբ բանասեր Շուշանիկը համալսարնն ավարտելուց հետո սկսել է ավելի հաճախ գնալ եկեղեցի։ Հետագայում հասկացել է, որ իր ճանապարհը մենաստանն է և եկել է Ղազարավան։ Նշում է, որ ամենից դժվարը կարոտը հաղթահարելն է եղել։ Սկզբնական շրջանում իրեն հաճախ են թույլ տվել այցելել հարազատներին։
«Վանականությունը ծառայություն է Աստծուն, որի նպատակը սիրտն ու հոգին կրքերից մաքրելն է։ Վանականի, միանձնուհու ողջ կյանքն ապաշխարհության կյանք է, որով փորձում ես նմանվել Աստծուն»,-ասում է քույր Շուշանիկը։
Նա ներկայացրեց երեք ուխտերի խորհուրդը։
«Երբ միանձնուհին ապրում է որոշակի ժամանակամիջոց վանքում, հաստատապես համոզվում է ու առաջնորդներն էլ տեսնում են, որ նա կարող է միանձնուհի լինել, հավատարիմ մնալ միանձնուհու կոչմանը, հատուկ ուխտադրության կարգ է կատարվում և միանձնուհին կամավոր ուխտեր է ստանձնում։ Դրանք հնազանդության, անընչության և կուսության, ողջախոհության ուխտերն են։ Վանքում ապրելու հիմքը հնազանդությունն է։ Միանձնուհին չպիտի ունենա սեփականություն և հրաժարվում ենք ամուսնական կյանքից։ Իհարկե միանձնուհի կարող է դառնալ անձ, ով ապրել է ամուսնական կյանքով, բայց ուխտադրությունից հետո այլևս չպետք է ամուսնանա»,-նշեց միանձնուհին։
Ուխտ կնքելու պահը վերջնական կարելի է համարել ընտրության առումով։ Հրաժարվելը կհամարվի ուխտադրժություն, Աստծուն տված ուխտերի խախտում, որը ամենամեծ մեղքերից մեկն է։ Դրա համար շատ ժամանակ է հարկավոր, որ առանջնորդները համոզվեն՝ միանձնուհին հաստատակամ է, որից հետո միայն կատարվում է ուխտը։
Քույր Շուշանիկն ասում է, որ իրենց օրը սկսվում է կոչնակի ձայնով։ Մասնակցում են ժամերգության։ Դասընթացներ են կազմակերպվում հոգևորականների հետ, նաև գյուղի երեխաների հետ դասընթացներ են անցկացնում։
Քույր Անահիտը նոր է միացել մյուս միանձնուհիներին։ Շուրջ 6 ամիս է ինչ թողել է աշխարհիկ կյանքն ու ապրում է ճգնավորի կյանքով։
«Աշխատել եմ հաշվապահ, բայց կապը եկեղեցու հետ միշտ եղել է, երկար տարիներ։ Ամեն կիրակի պարտադիր եկեղեցի էի գնում, ես ինձ ամբողջությամբ զգում էի եկեղեցու զավակ։ Ցանկությունը մենաստան գալու եղել է դեռ 18 տարեկանից։ Որոշումն արդեն հասունացավ, կարելի է ասել՝ Աստծու կանչն էր։ Դժվարությունն այն է, որ ընտանիքից, երեխաներից կտրվել ու ուրիշ քաղաքից եկել եմ։ Երբ մի շաբաթով եկա, ինձ լիովին զգացի իմ տանը, զգացի, որ իմն է։ Դժվարությունը կարոտը հաղթահարելն էր, բայց ինչ-որ տեղ պատրաստվել էի։ Քննարկել եմ իմ երեխաների հետ, փառք Աստծու՝ երեխաներս ինձ շատ լավ հասկացան և դա էլ օգնեց, որ խաղաղ գամ»,-ասում է քույր Անահիտը։
Մանրամասները՝ տեսանյութում։