Առողջապահության նախարարը վթարի է ենթարկվել. վիճակը ծանր է

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են Կամչատկայում տեղի ունեցած ավտովթարի մասին, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել են, որոնց թվում է նաև տարածաշրջանի առողջապահության նախարար Ալեքսանդր Գաշկովը։

Ինչպես հայտնում է Кам 24-ը, Նաչիկի-Կավալերսկոե-Ուստ-Բոլշերեցկ ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել են երկու ավտոմեքենա, որոնցում եղել է վեց մարդ։ Նախնական տվյալներով՝ մեկ տուժած տեղում մահացել է, եւս երեքը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Հաղորդվում է, որ վիրավորների թվում է նախարար Գաշկովը։
«Նախարարը գտնվում է ծանր վիճակում՝ բազմաթիվ կոտրվածքներով»,- ասվում է հրապարակման մեջ։

Ըստ հրապարակման՝ Գաշկովը առողջապահության զարգացման վարչության պետի տեղակալ Դենիս Ֆեդոտովի հետ գործուղման մեջ է եղել Ուստ-Բոլշերեցկի մունիցիպալ շրջան։

Ավելի վաղ պարզվել է, որ վթարի պատճառը եղել է հանդիպակաց գոտի դուրս եկող մեքենաներից մեկը։ Ըստ Baza-ի, Գաշկովի մոտ «ախտորոշվել են կողերի և կոնքի ոսկորների կոտրվածքներ». նա այժմ գտնվում է Կամչատկայի շրջանային հիվանդանոցում։ Նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը հայտնել է, որ պաշտոնյայի կյանքին վտանգ չի սպառնում։

Նշվում է նաև, որ նախարարի ծառայողական մեքենայի վարորդը, ինչպես նաև Ֆեդոտովը ստացել են թեթև վնասվածքներ, հայտնում է ՏԱՍՍ-ը։