Ցավալի լուր. Զոհված զինծառայողը 19 տարեկան էր

Հունիսի 14-ին հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր, ծառայության էր մեկնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով:

News.am-ի հետ զրույցում նրա ընկերներից Սաթինե Պողոսյանը պատմում է՝ գյումրեցի Արմենը երազում էր բանակից վերադառնալ ու հայրենի քաղաքում ձայնագրման ստուդիա հիմնել, որտեղ հնարավորություն կունենար ձայնագրել իր հեղինակային երգերը:

«Արմենը ուսումնարանում համակարգչային օպերատորության բաժնում էր սովորում, կարմիր դիպլոմով էր ավարտել ուսումնարանը: Բացի այդ հեղինակային երգեր էր գրում, երգում, ընկերների հետ տեսահոլովակներ նկարում: Ասում էր՝ երբ վերադառնամ՝ ստուդիա եմ բացելու, դու էլ որպես պարուհի իմ տեսահոլովակներում կնկարահանվես:

Բոլորիս ասում էր կտեսնե՛ք, մի օր Միյագիի հետ նույն բեմում եմ երգելու»,-պատմում է Սաթինեն: