«Սեպտեմբերի 19-ին քանի որ կապի խնդիր կար իսկ մարտերը չէին դադարում, որոշեցինք գնալ զորամաս ու տեղեկություն իմանալ եղբորս՝ Նվեր Ավանեսյանի մասին։ Այնտեղ մեզ ցավակցեցին․․․ զոհվել է»,- MediaHub-ին պատմում է ավագ լեյտենանտ Նվեր Ավանեսյանի քույրը՝ Նարինե Գալստյանը։ Նրա հայրն արցախյան առաջին պատերազմում էր զոհվել, մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել 3 զավակներին։
«Եղբայրս էլ ամուսնացած էր, 2 աղջիկ ունի։ Սեպտեմբերի 19-ին երբ մենք նկուղում էինք, Նվերի մեծ աղջիկն անդադար լաց էր լինում, սկզբից մտածում էինք երևի վախեցել է, բայց մայրս գրկեց երեխային ասաց՝ «Նվերիս մի բան եղած չլինի», որովհետև երբ հայրս էր զոհվել, ես էի առանց իմանալու լաց լինում, մայրս դա հիշում է մինչ օրս»,- ասաց Նարինեն։
Սեպտեմբերի 15-ին 36-ամյա ավագ լեյտենանտը, ՊԲ մյուս զինվորականների պես տագնապով դիրքեր էր բարձրացել։ Այդ ժամանակ բնագծի ողջ երկայնքով լարվածություն էր։ Ադրբեջանը պարբերաբար սադրում, միաժամանակ հաղորդագրություններով մեղադրում էր հայկական կողմին՝ թե իբր խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը։ Ի վերջո սեպտեմբերի 19-ին սկսվեց Արցախի համար ճակատագրական, ողբերգական ելքով պատերազմը։
«Հորս մահից հետո արդեն հասուն տարիքում երբևէ իմ լսած ամենավատ լուրը եղբորս մասին էր։ Ես Արցախը կորցրեցի հենց այդ օրը, այդ վայրկյանին։ Իմ հայրենիքն ու հայրական տունը Նվերն էր, նա հոր պես էր մեզ համար»,- ասում է քույրը։
Նվեր Ավանեսյանը պատերազմի ժամանակ գտնվում էր Շուշիի շրջանի Ղայբալիշեն տեղանքում։ Ինչպես մյուս ուղղություններում մարտերն այդտեղ ևս ծանր են եղել։ Թշնամու օդուժն ու հեռահար համակարգերը կրակում էին հայկական դիրքերի ուղղությամբ, մյուս կողմից ադրբեջանցի հատուկջոկատայիններն առաջացել ու գրավել են դիրքերը, սպանել վիրավորներին, գերեվարել շրջափակման մեջ հայտնված ծառայողներին։ Իսկ Արցախի բանակը այս ուղղությամբ մեծ կորուստներ է պատճառել թշնամական կողմին, կռվել մինչև զինադադարի վերջին վայրկյանը։
«Զինադադարի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, երբ մենք մտածում էինք թե ինչպես կարող ենք դիրքերից իջեցնել եղբորս մարմինը, նրա «Մեսսենջեր» հավելվածից զանգ ստացա։ Այդ ժամանակ դեռ հեռախոսակապը չէր վերականգնվել Արցախում։ Մտածեցի ադրբեջանցի կլինի, այնուամենայնիվ վերցրեցի, բայց քանի որ կապը թույլ էր միայն նրա ծանր շունչը լսեցի։ Մի քանի վայրկյան անց ստացա տխուր՝ լացելու սմայլիկ (էմոջի), այդտեղ հասկացա, որ եղբայրս մինչև սեպտեմբերի 21-ը ողջ է եղել, հավանաբար վիրավոր վիճակում»,- տեղեկացրեց Նարինե Գալստյանը։
Քույրը նույն օրը պարզել է, որ Նվերը զանգահարել է նաև կնոջը՝ Իրինային, հարազատներին ու ընկերներին, սակայն, կապ չլինելու պատճառով որևէ մեկի հետ չի կարողացել խոսել։
«Մեր քույրերից մեկն ասաց, որ տեսազանգով երբ պատասխանել է՝ միայն երկինքն է երևացել, իրեն չի տեսել, հետո հեռախոսն անջատվել է ու այդպես դարձել է անհասանելի»։
Նվերի մարմինը դիրքերից իջեցրել են 6 օր հետո, տեղափոխել Հայաստան։ Չնայած մարմինը գրեթե անճանաչելի է եղել, բայց մայրը՝ տիկին Մարետտան նույնականացրել է։ Նվեր Ավանեսյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։