Սեպտեմբերի առաջին 10 օրերի գերակշիռ մասը մեր երկիրը գտնվելու է հարավ-արևմտյան տաք հոսանքների ազդեցության գոտում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Գերակշռելու է բարձր ջերմային ֆոնը, որը տատանվելու է հիմնականում 32-34 աստիճանի սահմաններում, ինչը միջինից բարձր է մոտ 2-3 աստիճանով: Սա վերաբերում է հանրապետության բարձրադիր հատվածներին, այդ թվում՝ Երևանին»,- մանրամասնում է նա:
Սուրենյանի խոսքով՝ տեղումներ առանձնապես չեն լինելու. «Ընդհանուր առմամբ, եթե ամփոփ ասենք, ամսվա առաջին կեսը կունենանք ամռանը բնորոշ եղանակային պայմաններ»:Հարցին՝ այսինքն՝ օգոստոսին եղած տաք եղանակը շարունակվելո՞ւ է, վերջինս դրական է արձագանքում. «Բուռն, նույնիսկ ավելին, կարող եմ ասել, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակն ավելի շոգ և ամառային ջերմային ֆոն կլինի, քան օգոստոսը»:
Ըստ նրա՝ Հայաստանի պարագայում սա նորմայից բարձր չի կարելի համարել, քանի որ ՀՀ-ում եղել են շատ ավելի շոգ սեպտեմբերներ. «Օրինակ՝ եղել է (2018 թվականին), երբ սեպտեմբերի 16-ին օդի ջերմաստիճանը հասել է 38 աստիճանի»:
Հարցին՝ շոգ եղանակով պայմանավորված՝ ինչ-որ բանից պե՞տք է զգուշանալ, նա ասում է. «Մենք տվել ենք հրդեհավտանգության նախազգուշացում, որովհետև հատկապես օգոստոսի վերջ սեպտեմբերի սկիզբ տեղումների բացակայությունը և բարձր ջերմային ֆոնը խոտածածկ տարածքներում բերում է բարձր ջերմային ֆոնի, որի կապակցությամբ մենք հայտարարել ենք հրդեհավտանգության նախազգուշացում»:
Отправить ответ