Երևանում գեներալ-լեյտենանտի որդու վթարված մեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգված և կասկածելի իրեր

Երեկ՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:55-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Գեորգի Ապրիամովն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Շոպրոնի փողոցում՝ թիվ 77 հասցեի մոտ, բախվել է կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը հայտնել է, որ իր ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ բախվել է «Opel»-ին։ Վարորդին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նա հրաժարվել է բժշկական օգնությունից, ինչից հետո պարեկները նրան տեղափոխել են դեպքի վայր։

Արդեն տեղում նրա վարած ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգվածներ և այլ կասկածելի իրեր։ Տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Ապրիամովի հայրը կոչումով գեներալ-լեյտենանտ է և բարձ պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այդ թվում եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։