«Դեպքից մի ամիս անց քիչ-քիչ հիշողությունս վերակագնվում է»․ հետախուզվող վարորդի «նամակը»

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ընտանիքի 3 անդամների մահվան գործով հետախուզվող BMW-ի վարորդը՝ Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը ներկայացել է ոստիկանություն։ Նա ձերբակալվել է։

ՔԿ-ից հայտնել էին, որ փախուստի դիմած վարորդը հատել էր ՀՀ սահմանը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Արմեն Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ հայտնելով, որ դեպքից մեկ ամիս անց հիշողությունը քիչ-քիչ վերակագնվում է։ Նա վստահեցրել է, որ այս ընթացքում Հայաստանից չի բացակայել, քանի որ անձնագիրն ու վարորդական վկայականը ոստիկանների մոտ է եղել․ «Վստահ եմ՝ արդարությունը մշտապես հաղթում է։ Մի դատվիր որ չդատվես»,- հրապարակած նամակում գրել էր հետախուզվող վարորդը։

Հիշեցնենք՝ 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել BMW X3 3.01 մակնիշի և HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով HONDA FTT 1.3 մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել է: