Ողջ Հայաստանով տարածվեց լուր՝ Լոռու մարզում մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի են ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Պարեկային ծառայությունը փորձում էր ճանապարհը մաքրել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար։
«Անկյուն+3» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում միջադեպից տուժած քաղաքացին պատմել է, որ այդ պահին գտնվել են ավտոտեխսպասարկման արհեստանոցում, երբ հանկարծ նկատել են, որ մի երեխայի վրա գազ են փչում։ «Տեսա, որ երեխու վրա գազ են փչում, 3-4 հոգով երեխուն ծեծում էին։ Դրանից հետո ես իմ գործողությունները չեմ հիշում՝ ինչ եմ արել, ոնց եմ արել… Հիշում եմ միայն, որ 25-30 հոգով գազը փչում էին ու խփում։ Երեխեն ընկել էր կոմայի մեջ, լավ չէր…»։
Տուժողները, արցունքաբեր գազի և ցավերի պատճառով առաջացած շոկի տակ, դժվարությամբ են հիշում միջադեպի բոլոր մանրամասները։ Անչափահասը, ով առողջական խնդիրներ ունի, պատմել է, որ պարեկները նրան ծեծի են ենթարկել նաև այն ժամանակ, երբ տեղափոխում էին ոստիկանության բաժանմունք։
Տուժողների վիճակը ծանր է, և նրանք գտնվում են հիվանդանոցում։ Միջադեպի հետ կապված քննությունը դեռ շարունակվում է։