Հաջորդ շաբաթ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովն ավելիկհարստացնի իշխող Ալիեւի կլանին


Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Տարիների ընթացքում բազմաթիվ զեկույցներ են եղել, որոնք բացահայտել են
այն միլիարդավոր դոլարները, որոնք Ադրբեջանի իշխող Ալիեւի ընտանիքը
կողոպտել է պետական գանձարանից, ինչպես նաեւ մեծ չափերի կաշառքները,
որոնք կառավարությունը տվել է եվրոպացի եւ ամերիկացի տարբեր
պաշտոնյաների։
Հետեւաբար, զարմանալի չէ, որ հաջորդ շաբաթ Բաքվում կայանալիք COP29
կլիմայի գագաթնաժողովը եւս մեկ օրինակ է, թե ինչպես է իշխող վերնախավն
օգտվում իր գրպանները լցնելու յուրաքանչյուր հնարավորությունից:
«Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման
նախագիծը» (OCCRP) բացահայտել է Ադրբեջանի սկանդալային
գործողությունները, որոնք վերնագրված են. «Ադրբեջանի COP29 կլիմայի
գագաթնաժողովի «պաշտոնական գործընկերները» կապված են իշխող Ալիեւի
ընտանիքի եւ նրանց ներքին շրջանակի հետ …. Բաքվի այս տարվա միջազգային
այցելուներն ամենուր, որտեղ նայեն, կտեսնեն ընկերություններ, որոնք կապված
են Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի հետ»: Այս
ծավալուն զեկույցը գրել են Ջեյմս Դաուսեթը, Քելի Բլոսը, Ֆաթիմա Քարիմովան եւ
Էլի Մոսկովիցը:
OCCRP-ն Ադրբեջանը բնութագրել է որպես «ամենաբռնապետական երկիրը, որը
երբեւէ հյւուրընկալել է միջոցառումը …. Լինի հանքարդյունաբերություն,
բանկային գործ, հյուրընկալություն, թե շինարարություն, դժվար թե լինի
այնպիսի խոշոր արդյունաբերություն Ադրբեջանում», որ Ալիեւների իշխող
ընտանիքը տիրապետող չլինի: «Արդյունքում Ալիեւներն ու նրանց մերձավոր
շրջապատն ապշեցուցիչ հարստություն են դիզել, որի զգալի մասը պահվում է
արտասահմանում կամ կապված է արտերկրի կալվածքների հետ: Նույնիսկ
նախագահի 11-ամյա որդին Լոնդոնում գրասենյակային շենք ուներ»:
Ահա նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի մերձավոր շրջապատի եւ Կլիմայի
գագաթնաժողովի «պաշտոնական գործընկերների» միջեւ կապերը.
1) «Նախագահ Ալիեւի դստեր նախկին ամուսինը [Էմին Ագալարով] …. շահել է 5,2
միլիոն դոլար արժողությամբ պետական պայմանագիր [առանց մրցութային
որեւէ գործընթացի]՝ հյուրընկալելու COP29-ի 5000 հյուրերին Կասպից ծովում
գտնվող իր շքեղ Sea Breeze Resort-ում»: Հյուրերը «մնալու են գերշքեղ
սենյակներում …. յոթ կիլոմետր երկարությամբ լողափից, ավելի քան 50 բարերից
ու ռեստորաններից եւ 60 լողավազաններից օգտվելու հնարավորությամբ»: Այս
պայմանավորվածությունը բացահայտած ադրբեջանցի վեց լրագրողներն այժմ
գտնվում են Բաքվի բանտում:
2) «PASHA Holdings, Ադրբեջանի խոշորագույն ընկերություններից մեկն է, որին
պատկանում են հյուրընկալող քաղաքի բազմաթիվ լավագույն հյուրանոցներ, եւ
մեծ շահեր ունի զբոսաշրջության, շինարարության, ապահովագրության եւ
բանկային ոլորտներով: PASHA-ն պատկանում է Ալիեւի երկու չափահաս
դուստրերին [Լեյլա եւ Արզու]։ Ընկերության խորհրդի նախագահի տեղակալ Միր
Ջամալ Փաշաեւը «Ադրբեջանի առաջին տիկնոջ եւ փոխնախագահ Մեհրիբան
Ալիեւայի զարմիկն է»։
3) «Azersun Holding …. նախագահում է Աբդոլբարի ԳոզալըՀասան Գյոզելի հորեղբայրը, որն Ալիեւա քույրերի համար հիմնել է երեք ընկերություն Բրիտանական Վիրջինյան կղզիներում»: 4) «Silk Way West Airlines .... պատասխանատվություն է կրում համաժողովին նյութերի եւ պարագաների տեղափոխման համար: Այն պատկանում է նախկին պետական պաշտոնյային, սակայն նախապես կապված է եղել Ալիեւի դուստրերից մեկի հետ Silk Way Bank քույր ընկերության միջոցով ….
Ավիաընկերությունը, վերջնականապես, պատկանում է նախկին պետական
պաշտոնյա Զաուր Ախունդովին, սակայն նախկինում այն նաեւ կապված է եղել
առաջին ընտանիքի հետ՝ քույր ընկերության միջոցով. 2010 թվականին «Ազատ
Եվրոպա» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ Արզու Ալիեւան՝
նախագահի կրտսեր դուստրը, եղել է Silk Way Bank-ի երեք սեփականատերերից
մեկը, որը Silk Way Group-ի նախկին ֆինանսական թեւն էր, որի մաս է կազմում
նաեւ ավիաընկերությունը»։
5) «GILTEX, մի ընկերություն, որը վերահսկում է տեղական տեքստիլ շուկայի
գրեթե երեք քառորդը եւ մինչեւ անցյալ տարի մաս էր կազմում [Gilan Holding]
կոնգլոմերատի, որտեղ բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է
նախագահի դուստրերին [Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար
Քամալադին Հեյդարովի երեխաների հետ միասին։ Հեյդարովը նաեւ COP29-ի
կազմկոմիտեի անդամ է]։ Gilan Holding-ը լուծարվել է 2023 թվականին»։
6) «SOCAR Green …. Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի
դուստր ձեռնարկությունն է, որը մեծ դեր է խաղում նավթ արդյունահանող երկրի
տնտեսության մեջ»:
7) ABB բանկ, վերանվանվել է 2021 թվականին, սակայն իր նախկին անվան
տակ՝ Ադրբեջանի միջազգային բանկ, անբարեհաճ վերնագրերի պատճառ է
դարձել 2,9 միլիարդ դոլարի փողերի լվացման սկանդալում իր ունեցած
կենտրոնական դերի համար, ինչը հայտնի է որպես «Ադրբեջանական
լվացքատուն»։ Բանկի նախկին նախագահը բանտարկվել է 2016 թվականին՝
հիմնարկից գրեթե 3 միլիարդ դոլար գողանալու համար։ Նրա կինը, որն ապրում
էր Մեծ Բրիտանիայում, հետագայում ստացել է երկրի երբեւէ առաջին
«անբացատրելի հարստության հրամանը»՝ բրիտանական իշխանությունների
պահանջով ապացուցելու իր հսկայական հարստության օրինական ծագումը:
Հետագայում նա համաձայնեց վերադարձնել 17.8 միլիոն դոլար արժողությամբ
առանձնատունը եւ գոլֆի ակումբը, որն անցավ բրիտանական պետությանը:
OCCRP-ն այնուհետեւ հայտարարել է, որ «ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ
զեկուցում է Ադրբեջանի մասին՝ բացահայտելով կոռուպցիա, մարդու
իրավունքների խախտումներ եւ չարաշահումներ»: Ահա որոշ զեկույցների
կարեւորագույն կետերը.
1) «Ինչպես իշխող Ալիեւի ընտանիքը շահեց արժույթի փլուզումից, ինչպես էր նա
ձգտում գնել Ղրղզստանի ոսկու հանքավայրերը, եւ ինչպես է կարողացել
կառավարությունից կորզել ապշեցուցիչ 1 միլիարդ դոլար
հեռահաղորդակցության ընկերության ձեռքբերումից:
2) «2016 թվականի «Պանամայի փաստաթղթերի» տվյալների հիման վրա
կատարված հետաքննությունը, որը պարզել է, թե ինչպես է [Ալիեւի] ընտանիքն
օգտագործել օֆշորային կառույցները եւ սեփականության բազմաթիվ շերտեր՝
հարստությունը գաղտնի պահելու համար»:
3) «Այս տարվա սկզբին մի խումբ անկախ լրագրողների շինծու
մեղադրանքներով բանտարկելը՝ փետրվարի նախագահական
ընտրություններից առաջ»:
4) «Ինչպես են ամերիկացի լոբբիստներն աջակցել եւ գումար վերցրել
վարչակազմից, եւ ինչպես է «Ադրբեջանական լվացքատունն» օգտագործվել իր
վերնախավի համար երկրից միլիարդավոր դոլարներ դուրս բերելու
նպատակով»:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի