Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիան (ՀԱՕԱ) և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) ավելի ակտիվ համագործակցելու են մասսայական սպորտի զարգացման և հանրության տարբեր շերտերին մասսայական սպորտի հասանելիության ապահովման ուղղությամբ։

Իրականացվելիք ծրագրերն այսօր քննարկվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԱ նախագահ, (ՀՖԿՍՊԻ ռեկտոր) Տիգրան Սիմոնյանը, փոխնախագահ (ՀՖԿՍՊԻ պրոռեկտոր) Անժելա Նուշիկյանը, համակարգող (ՀՖԿՍՊԻ ՄՀԶԾ բաժնի ղեկավար) Արմինե Սարգսյանը։
Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է համատեղ ուժերով պայքարել «դարի հիվանդության» դեմ՝ օգնելով մատաղ սերնդին հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել համակարգիչների առաջ, լինել ֆիզիկապես ավելի ակտիվ, զբաղվել սպորտով։ Իրականացվելիք ծրագրերում հատուկ տեղ է հատկացվելու նաև սպորտում կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացմանը։