Վարդենիսում դեկտեմբերի 7-ին նախնական տեղեկություններով շմոլ գազի արտահոսքից մահացած 26-ամյա կապիտան Ալեքս Մ․-ին Երևանում այսօր վերջին հրաժեշտը տվեցին։
Ալեքսը Երևանի Շենգավիթ վարչական շրջանից էր, բնակվում էր ծնողների, իրենից փոքր եղբոր և տատիկի հետ։ Ամուսնացած չէր։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Վարդնիսում վարձակալած տանը, որտեղ 1 տարուց ավելի բնակվում էր։Հարևանները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ տղան 5 տարվա պայմանագիր էր կնքել և ծառայության անցել Զինված ուժերում։ Ծառայում էր Վարդենիսի զորամասում, պատերազմի մասնակից էր։ Մի քանի ամսից պայմանագրի ժամկետը լրանալու էր և տուն վերադառնար։
«Հարևաններից լսեցինք դեպքի մասին, շատ ցավում ենք։ Արտակարգ անձնավորություն էր, լավ ընտանիքի զավակ, հայրենիքին նվիրված սպա։ Իր վարձով վերցրած տանն է դեպքը պատահել, գազի ուգար է եղել։ Գործից հոգնած եկել է տուն, պառկել է քնել ու էլ չի զարթնել։ Պայմանագիրը 5 տարով էր, 2-3 ամսից պետք է լրանար ու տուն գար։ Երեկ Ալեքսի հոգեհանգիստն էր, այսօր՝ հուղարկավորությունը։ Աստված հոգին լուսավորի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած սպայի հարևաններից Գևորգ Գևորգյանը։