Ուշադրության արժանի հանգամանք․ Ինչ է տեղի ունենալու Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայաստանյան կողմի նախաձեռնությամբ, ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հաղորդագրության շրջանակում ուշադրության է արժանանում այն, որ թե հայկական, թե ռուսական կողմի հաղորդագրությունները գործնականում նույնն են: «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում, վերահաստավել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը», նշվում է թե Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում, թե Կրեմլի կայքում տեղ գտած հաղորդագրություններում:
Ինչով է պայմանավորված հայկական և ռուսական կողմերի հաղորդագրությունների նույնությունը, դժվար է ասել: Արդյո՞ք դա մոտեցումների նույնության մասին վկայություն է, թե՞ գործնականում եղել է բավականին լայն խոսակցություն, պարզապես կողմերը եկել են դրա մասին առանձնապես չծավալվելու պայմանավորվածության: Բոլոր դեպքերում, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը երկրորդն է անցնող յոթ օրերի ընթացքում: Նախորդը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին՝ օգոստոսի 1-ին Արցախում սրացման հաջորդ օրը: Ընդ որում, դրանից հետո իրավիճակը ոչ միայն չկայունացավ, այլ եղավ օգոստոսի 3–ի էլ ավելի սրացումը, որ հանգեցրեց զոհերի և վիրավորների:

Ի դեպ, օգոստոսի 2-ին տեղի ունեցավ ոչ միայն Պուտին-Փաշինյան, այլ նաև Լավրով-Միրզոյան հեռախոսազրույցը: Օգոստոսի 3-ի սրացումից հետո Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարեց ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը լիարժեք դարձնելու անհրաժեշտության մասին, նշելով, որ, եթե այդ մանդատը ի զորու չէ ապահովել Արցախի հանրության անվտանգություն, ապա Երևանը կբազմապատկի ջանքը միջազգային մեխանիզմների ներգրավման միջոցով այդ մանդատի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Դրան ի դեպ հաջորդեցին Մոսկվայի երկու արձագանք:

Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարեց, թե երկկողմ սերտ շփումները թույլ կտան հստակեցնել հայկական կողմի ունեցած հարցերը, իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, թե իրեն հայտնի չեն Երևանի առաջարկներ: Դրան արձագանքեց Երևանը, ԱԳՆ խոսնակի մակարդաով տարածելով տեղեկություն, որ Հայաստանը դեռևս 2021 թվականի փետրվարին է իր մտահոգությունները փոխանցել ՌԴ բարձրագույն ղեկավարությանը:
Այդ ամենին զուգահեռ, փաստացի սրվեց Լաչինի միջանցքի նոր ճանապարհի հարցը, ու չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում այդ ճանապարհի համար սահմանված է եռամյա ժամկետ՝ մինչև 2023 թվականը, այդուհանդերձ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով փոխանցել է Բերձորն ու Լաչինը հանձնելու պահանջ, որպեսզի հաղորդակցությունը Հայաստանի և Արցախի միջև ապահովվի նոր ճանապարհով: Բացի այդ, արձանագրվել է Արցախ մուտքի արգելքի աղմկոտ դեպքերի շարք: Նախ, արգելվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը, իսկ հետո նաև լրագրողական երկու խմբի մուտք Արցախ: Այդպիսով, ակնառու է դառնում, թե հարցերի ինչպիսի լայն փաթեթ կարող էր քննարկվել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցում և պետք է տեսնել, թե այդ հեռախոսազրույցն ինչ կոնկրետ արդյունքով է արտահայտվելու դրանց լուծման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ուշադրության է արժանի հանգամանքը, որ հայ-ռուսական բարձր մակարդակի հեռախոսազրույցը տեղի է ունենում հայ-իրանական սահմանի շուրջ բավականին հակասական պատկերի ֆոնին: Օգոստոսի 8-ին ՌԴ սահմանապահ ծառայությունը Հայաստանում տարածեց տեղեկություն, որ լարվածծ է հայ-իրանական սահմանի օպերատիվ վիճակը, հաճախակիացել են թրմանյութերի տարանցման դեպքերը, ինչպես նաև ծայրահեղական ահաբեկչական խմբերի ներթափանցման փորձերը և ռուս սահմանապահները ձեռնարկում են սահմանի մոտ անցուդարձի վերահսկողության հավելյալ միջոցներ: Ինչ տեղ է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցում այդ, ինչպես նաև իհարկե Էրդողանն-Պուտին հանդիպման թեման: Այդ առիթով էլ թերևս հարկ է նկատի առնել և այն, որ Պուտին-Էրդողան հանդիպման օրը տեղի ունեցան Բլինքեն-Փաշինյան և Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցներ: Ինչ է տեղի ունենալու Փաշինյան-Պուտին օգոստոսի 8-ի հեռախոսազրույցից հետո:

Опубликовано в