Անխռով վերադարձեք ձեր «ախոռը»` առանց մյուս ընդդիմադիր ուժերի անհարմար տեղերից կախվելու

Երբ Վանեցյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները կանգնեցին երկընտրանքի առաջ` հատկապես այն պատճառով, որ փողոցային շարժումը տապալված է։

Տրամաբանությունը հուշում է, որ բոլոր ընդդիմադիր պատգամավորները պետք է հետեւեն Վանեցյանի օրինակին, մանդատներից հրաժարվեն նաեւ երկու դաշինքների բոլոր թեկնածուները, կարճ ասած` Նիկոլ Փաշինյանի Հայաստանը վերածեն «Հյուսիսային Կորեայի»` միակուսակցական խորհրդարանով։ Նման իրավիճակում` Փաշինյանը ստիպված գնալու է արտահերթ ընտրությունների անցկացման։

Թվում է` իդեալական տարբերակ է իշխանափոխության ձգտող ընդդիմության համար, բայց Քոչարյանի թիմին, դաշնակներին ու հանրապետականներին այս տարբերակը վախեցնում է, որովհետև նոր ընտրությունները նրանց ոչ իշխանության գալու, այլ դատարկ փողոցում հայտնվելու հեռանկար են խոստանում

Տարբերակներից մյուսը` «խելոք» խորհրդարան վերադառնալն ու իրենց ձեւակերպած` «ուսապարկերի» հետ օրենք մշակելն է։ Իրականում` ընդդիմության պատգամավորներն այդպես են ցանկանում են անել, բայց իշխանությունը նրանց «հումանիտար միջանցք» չի պատրաստվում տալ` «դեմք փրկելու» համար։

Հիմա «հեղափոխական փրկիչները» դիմում են տարբեր մանիպուլյատիվ հնարքների, քաղտեխնոլոգների` իրենց «երգով նահանջն» արդարացնելու համար։

Օրինակ, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ասում են, թե սեպտեմբերին մտադիր են իմպիչմենտի գործընթաց սկսել Փաշինյանի նկատմամբ։

Պարզունակ մի բլեֆ։

Երկու ամսում նույնիսկ ՔՊ մի պատգամավորի չկարողացան ճամբարափոխ անել, ի՞նչ իմպիչմենտի մասին է խոսքը։ Այսօր փողոցում «փրկիչներին» հետեւում է ընդամենը երկու հազար մարդ, այս քանակով անգամ մանկապարտեզի վարիչ չեն կարող փոխել, էլ ուր մնաց` երկրի ղեկավար։

Իմպիչմենտի պատմության մյուս բլեֆն այն է, որ ընդդիմությունն անգամ նման գործընթաց սկսել չի կարող, որովհետև «Պատիվ ունեմ»-ից ամիսներ առաջ հեռացած Իշխան Զաքարյանն այնքան «անկախ» է, որ չի միանալու ընդդիմության նախաձեռնությանը, հետեւաբար` երկու խմբակցությունները չունեն անգամ մանդատների 1/3-ը` անգամ Փաշինյանի անվստահության պահանջ ներկայացնելու համար։

Սա հասկանալով` հարթակի ընդդիմությունը իր «սոխակ» տեխնոլոգների միջոցով շաղ է տալիս մտքի հերթական գոհարները, ըստ որի եթե ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը չգա ԱԺ, ապա քաղաքական ճգնաժամ չի լինի, քանզի ՔՊ-ն կվերցնի ընդդիմության մանդատները և կտա իրենցից հետո առավել ձայներ ստացած ուժերին, այն է՝ ԲՀԿ-ին ու «Հանրապետություն» կուսակցությանը։

Բացարձակ բլեֆ է, սուտ. Սահմանադրության մեջ, որեւէ օրենքում նման կարգավորում չկա։ Եթե «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները` գործող պատգամավորներով ու ցուցակի թեկնածուներով, հրաժարվեն մանդատներից, որեւէ քաղաքական ուժ չի կարող տիրանալ դրանց։

Հերիք է, բավ է` խաբեք ժողովրդին։ Դուք իրականում մտադիր չեք իշխանությունից հեռացնել Փաշինյանին ու երազում եք ԱԺ վերադառնալու մասին։ Անխռով վերադարձեք ձեր «ախոռը»` առանց մյուս ընդդիմադիր ուժերի անհարմար տեղերից կախվելու։

Опубликовано в