News.am-ը հայտնում է․ Որոնողական աշխատանքների ավարտի մասին ժամկետներ նշելը ճիշտ չի լինի, քանի որ եռհարկանի շենքից կախված յուրաքանչյուր երկաթբետոնյա կոնստրուկցիա հեռացնելու համար երկար ժամանակ
է պահանջվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը։ «Քանի որ անհետ կորած քաղաքացին եղել է պայթյունի էպիկենտրոնում, իսկ պայթյունից հետո բարձր ջերմաստիճանով հրդեհ է բռնկվել, մեզ համար շատ բարդ է լինելու։ Որպեսզի մենք կարողանանք այս պայմաններում աշխատել, օգտագործում
ենք բարդ տեխնիկա։ Նախ մենք պետք է ապահովենք մեր փրկարարաների անվտանգությունը։ Վտանգն այս եռահարկ շինության պարագայում միշտ կա, որովհետեւ այն վթարային իրավիճակում է գտնվում եւ ցանկացած պահի կարող է փլուզվել»,- նշեց Գասպարյանը։ Արմեն Գասպարյանի խոսքով՝ որքան աշխատանքները շարունակվում են, այնքան փլատակների տակ գտնվող օջախները, որոնք առաջին հայացքից կարող են մարված թվալ, մաքրման
աշխատանքների ընթացքում ծուխ են արտանետում, ինչի համար էլ պարբերաբար կատարվում է հովացում։ Հարցին, թե հնարավոր է, որ հրավառ նյութեր եղել են նաեւ շենքի ներսում՝ բարձր հարկերում, Գասպարյանը պատասխանեց․ «Մեր ունեցած տեղեկություններով՝ վերեւի հարկերում եւս
եղել են հրավառ նյութեր, եղել է պահեստ։ Մնացած հարցերի պատասխանը կտա նախաքննությունը»։ Լրագրողի դիտարկմանը, որ հրավառ նյութերի պատճառով առաջացած պայթյունների այլ օրինակներում ծուխը գունավոր է լինում, Գասպարյանը նշեց․ «Որքան մարդ՝ այդքան կարծիք։ Այդ հարցին կպատասխանեն մասնագետները»։