Սամվել Սարգսի Կարապետյան (օգոստոսի 18, 1965, Կալինինո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ հայ, ռուսաստանցի գործարար, միլիարդատեր, Տաշիր Գրուպ ձեռնարկության սեփականատեր։ 2013 թվականին կարողությունը, ըստ Ֆորբս ամսագրի, $ 3,8 միլիարդ է, որով Ռուսաստանի 29-րդ ամենահարուստ մարդն է[1]։
2014 թվականին Կարապետյանը Ֆորբս ամսագրի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարաների» վարկանիշում զբաղեցրել է 26-րդ տեղը՝ իր 4,3 միլիարդ դոլարով։ Հայտնի քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանի եղբայրն է։
Կենսագրություն
Սամվել Կարապետյանը ծնվել է Հայաստանի Կալինինո (այժմ՝ Տաշիր) քաղաքում։ 1986 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը։ 1986-1992 թթ. եղել է Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն և ավագ տեխնոլոգ։ 1989 թվականին ստեղծում է «Զենիթ» ավտոպահեստամասերի արտադրության կոոպերատիվը, կազմակերպում է նաև կարուձևի արտադրություն։ 1990-ական թվականներին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ։ 1997 թվականին ընտրվել է «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում։ 1999 թվականին ստեղծել է «Տաշիր» ընկերությունների խումբը, որի կազմի մեջ մտնում են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, առևտրի կենտրոններ, մատակարարման և առաքման կազմակերպություններ, հյուրանոցների, ռեստորանների և առողջարանների ցանց։ Ներկայումս Tashir Group-ը միավորում է տնտեսության տարբեր բնագավառներում գործող ավելի քան 200 ընկերություններ՝ 30 000-ից ավել աշխատակիցներով։ 2006 թվականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացմանը, որն անցնում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո։ 2007 թվականին «Տաշիր» ԸԽ-ն «Forbes» ամսագրի վարկածով Ռուսաստանի անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի ցանկում զբաղեցնում է 12-րդ տեղը։