2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը:
Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պիտի խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով: