Արտակարգ իրավիճակ Դիլիջանի թունելում. ներկաներն իրար են խառնվել.

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունելի մեջ, ճակատ-ճակատի բախվել են բախվել են BMW և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի, ավագ տեսուչ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ

Երթևեկությունը ծանրաբեռնված է, սակայն Ճանապարհային ոստիկանները և ոստիկանության Սևանի բաժնի համայնքային բաժանմունքի ավագ տեսուչներ Վահե Վարդքանյանն ու Նորայր Սաղաթելյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի խցանում տեղի չունենա:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հենրի Կոստանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես գործերով ավագ քննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող BMW-ին:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են ժամանել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Է. Սուսլիյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Ս. Ջանիկյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Опубликовано в