Ուղղաթիռ, ուղղաձիգ վերսլացք–վայրէջքով՝ օդից ծանր թռչող ապարատ, որի վերամբարձ ուժը և հորիզոնական ուղղությամբ քարշուժն ստեղծում են գրեթե հորիզոնական հարթության մեջ պտտվող մեկ կամ մի քանի կրող պտուտակները։ Ուղղաթիռի հնացած անվանումն է հելիկոպտեր։ Ուղղաթիռը կատարում է ուղղաձիգ վերսլացք առանց թափառքի և ուղղաձիգ վայրէջք առանց արգելակման
ճանապարհ անցնելու, անշարժ «կախվում» է տրված բարձրության վրա և պտտվում ուղղաձիգ առանցքի շուրջը ցանկացած ուղղությամբ։ Թռիչքի ընթացքում շարժիչի հարկադրական անջատման դեպքում ուղղաթիռը կարող է ճախրավայրէջք կատարել՝ օգտագործելով կրող պտուտակների ինքնապտույտ (ավտոռուոացիան)։ Թիակների շուրջը հոսքի խախտումը կանխելու և թռիչքի
արագությունը մեծացնելու համար որոշ ուղղաթիռներին ավելացնում են մի փոքր թև։ Ըստ սկզբունքային սխեմաների ուղղաթիռները լինում են միապտուտակ, երկպտուտակ և բազմապտուտակ։ Դրանցից առավել տարածված են պոչային պտուտակով միապտուտակ (առանց թևի և թևով), երկպտուտակ համառանցք և երկայնական սխեմայով ուղղաթիռները։