Սպանություն (լատ.՝ -cidium, մարդասպանություն՝ homocidium), քրեական իրավունքում՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, որը հանդիսանում է անձի դեմ ուղղված ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություն։ Սպանություն կարող է համարվել բացառապես դիտավորությամբ կատարված արարքը, ուստի դիտավորության մեղքի ձևի բացակայության պայմաններում արարքը կարող է որակվել որպես անզգուշությամբ կյանքից զրկում։ Քրեաիրավական իմաստով սպանություն չի կարող համարվել նաև օրենքի սահմաններում (օրինակ՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակում) մեկ ուրիշին կյանքից զրկելը կամ ինքնասպանությունը (ինքնասպանության փորձը)։
Սպանությունը կարող է կատարվել ծանրացուցիչ և մեղմացուցիչ հանգամանքներում։ Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված է համարվում, օրինակ, հղի կնոջ, անօգնական վիճակում գտնվողի, ընտանեկան դրությամբ և հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվողի, անչափահասի սպանությունը, առանձնակի դաժանությամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակներով, շահադիտական կամ խուլիգանական դրդումներով կամ պատվերով կատարված սպանությունը։