Նիկոլ Վովայի Փաշինյան (հունիսի 1, 1975[4][5], Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, Հայաստանի գործող վարչապետ[6][7], ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[8]։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել Հայաստանում 2018-ին սկսված ժողովրդական շարժման արդյունքում[9]։ Նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանը պարտություն է կրել հայ-ադրբեջանական պատերազմում և Արցախի զգալի տարածքների կապիտուլյացիայի համաձայնագիր է ստորագրվել[10][11][12][13][14][15]։
1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Իմպիչմենտ» (հիմնադրված՝ 2007 թվական) և «Ելք» դաշինքների համահիմնադիր։ Ի սկզբանե հանդես է եկել որպես Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման կողմնակից՝ անդամակցելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը։