Տարեկան շուրջ 19000 հանդիսատես հյուրընկալող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում այս պահին շինարարություն է: Երկու տասնամյակ առաջ հիմնանորոգված մշակութային օջախում տարիների ընթացքում բազում խնդիրն էին կուտակվել:
«Մեր տեխնիկական հագեցվածությունը բավականին հին էր, շարքից դուրս էին եկել լուսային և ձայնային սարքավորումները: Իսկ թատրոնն առանց լույսի ու ձայնի դժվար է պատկերացնել: Հիմնանորոգումից հետո մենք կունենանք մեծ հնարավորություններ»,- նկատում է Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն Էդգար Բադալյանը:
Թե ի՞նչ աշխատանքներ են նախատեսված հիմնանորոգման ծրագրով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթանում է տեղում:
Օդափոխության ու ջեռուցման նոր համակարգ, թարմացված գույք և որ ամենակարևորն է՝ սպասված ու սիրված ներկայացումները կլինեն լուսային ու ձայնային նոր հնարավորություններով: Ծրագրի շրջանակում կցուցաբերվի համալիր մոտեցում:
«Մշակութային միջոցառումները մեզ համար շատ կարևոր են, և մենք ցանկանում ենք, որպեսզի Երևանը մշակութային քաղաք լինի, բայց դրա համար բավականին երկար աշխատանք է պետք իրականացնել: Այդ աշխատանքների մի մասն են կազմում նաև մեր ենթակայության մշակութային կենտրոնները՝ թատրոններ, արվեստի դպրոցներ, որոնք մենք պետք է կարողանանք վերանորոգել, համապատասխան պայմաններ ստեղծել»,- ընդգծում է քաղաքապետը: