ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում տեղեկացրեց , որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրել է ևս 10 քառակուսի կմ տարածք և հիշեցրեց, որ նախորդ տարվա մայիսի 12-ին էլ նրանք 40 քառակուսի կմ տարածք էին օկուպացրել մեր երկրից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն
այսօր ունի անվտանգային ու գոյաբանական պրոբլեմ. «Բայց պետք է գնանք այդ հարցերի կարգավորմանը։ Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ»։ Վարչապետը
հայտնեց, որ ստորագրելու է այդ որոշումը՝ առանց մտածելու, թե ինչ կլինի հետո իր հետ: «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում
ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»,-ասաց նա: