Ըստ տարածված տեղեկության՝ Ռուբեն Հախվերդյանը Երևանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է:
Իր ֆեյսբուքյան էջում այդ մասին գրառում է կատարել սույն կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։ Նա Հախվերդյանի մասին գրել է․
«Ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական Երևանցի։ Իսկական Քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք»։
1950 թվականի դեկտեմբերի 3-ին՝ հայտնի լեզվաբան, թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի և բանասեր, թատերագետ, թարգմանիչ Սոնա Այունցի ընտանիքում ծնվել է երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանը։
1958-1966 թվականներին սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց։
Այնուհետև 1967-ին տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց, սակայն նույն թվականին էլ վերադարձել է թիվ 114 դպրոց։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց է ընդունվել 1959 թվականին, սակայն անավարտ է մնացել ուսումը։
Երգիչը 1968-1969 թվականներին աշխատել է Հայկական Հեռուստատեսությունում։
Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ է ընդունվել և ավարտել 1969-1974 թվականներին, այնուհետև Մոսկվայի Սատիրայի թատրոնում՝ Մարկ Զախարովի մոտ, 1971 թվականին 2-ամսյա պրակտիկա է անցել։