Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է պայմանագրի չորրորդ կետով եւ այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ից չի ստացվել ադեկվատ աջակցություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Նախ մենք պետք է հասկանանք, թե ինչպիսինն են մեր սպասելիքները ՀԱՊԿ-ից, երբ հարձակում է տեղի ունենում մեր ինքնիշխան տարածքի վրա եւ ներխուժում՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահման: Առաջին հերթին՝ ագրեսիայի ֆիքսում: Երկրորդ՝ դատապարտում, երրորդ՝ ագրեսիայի հետեւանքների վերացում, չորրորդ՝ պահանջի չվերաբերման դեպքում կոնկրետ գործողություններ: Ցավոք, մենք չենք կարող արձանագրել, որ մեր ակնկալիքներն այս պահի դրությամբ արդարացված են: Պետք է հասկանալ՝ դրանք արդարանալու են, թե՝ ոչ, եւ ըստ դրա անել հետեւություններ: Մենք ունենք օրինակ, երբ իրավիճակի ֆիքսումը եւ արձանգանքը տեղի ունեցավ մի քանի ժամվա ընթացքում՝ Ղազախստանում տարվա սկզբին տեղի ունեցած իրադարձությունների մասին է խոսքը»,- ասաց Ռուբինյանը: