Ինչ է կատարվել Շաքիի գյուղում, և ովքեր են եղել գյուղ ներթափանցած անձինք. մանրամասներ
Սեպտեմբերի 17-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանութի աշխատակցուհին ահազանգել է՝ տեղեկացնելով, որ կասկածելի պահվածքով և վարքով քաղաքացիական հագուստով, ոմն քաղաքացի մուտք է գործել խանութ, կատարել գնումներ և զուգահեռ հարցուփորձ արել աշխատակցուհուն գյուղում տիրող իրավիճակի մասին՝ արդյո՞ք կանաց և երեխաներին տարհանել են և նմանատիպ կասկածելի այլ հարցեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շաքիի ղեկավար Ռուբեն Մանուչարյանը՝ ներկայացնելով մանրամասներ:
«Հանդիսանալով Շաքի բանակավայրի վարչական ղեկավար, հաշվի առնելով երկրում պատերազմական իրավիճակը և պատկան մարմինների կողմից տեղեկացված լինելով, որ ՀՀ տարածք են ներխուժել դիվերսիոն խմբեր, հետամուտ եմ եղել անմիջապես տեղեկացնել աշխարհազորյիններին, որոնք գտնվում են իմ հրամանատարության ներքո, անհապաղ ձեռնարկել պաշտպանական գործողություններ, մի խումբ աշխարհազորայիններ ձեռնամուխ են եղել փակել գյուղի ելքերն ու մուտքերը ՝ Լ. Իսրայելյանի գլխավորությամբ, իսկ մյուս խումբը օպերատիվ աշխատանքի շնորհիվ կարողացել է բացահայտել, տվյալ քաղաքացու հետ գյուղ ներթափանցած խմբի թաքստոցը։
Այնուհետև կատարվել է կասկածելի խմբի վնասազերծումը և զինաթափումը իմ և աշխարհազորային Ռ. Ալավերդյանի կողմից։
Մեզ են միացել նաև սրտացավ գյուղացիներ, ովքեր լսել էին կասկածելի խմբի մասին։ Կասկածելի խումբը վնասազերծվելուց հետո, հանձնվել է պատկան մարմիններին, որի արդյունքում պարզվել է՝ հայ դասալիքներ են։
Շնորհակալություն եմ հայտնում համագյուղացիներին՝ իրենց զգոնության և աչալրջության համար և կոչ անում, ցանկացած կասկածելի դեպքերի պարագայում տեղեկացնել ինձ, զանգահարելով նշված հեռախոսահամարով՝ 094 44 75 64»,- գրում է համայնքապետը: