Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը աշխատում էր ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով ոստիկանության կապիտան էր: Ոստիկաններն ու քննիչները ենթադրյալ հանցագործի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դեպքի վայրը: Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը: