Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ ոսկու շուկայում․ կա 1 զոհ, 1 վիրավոր, հայտնաբերվել են մեծ թվով ինքնաձիգից և ատրճանակից արձակված պարկուճներ․ մանրամասներ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցում, ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում կրակոցներ են հնչել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ քանակի ինքնաձիգից արձակված պարկուճներ,

ատրճանակից արձակված պարկուճներ, արնանման հետքեր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած-սպանվածի և վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը, ով եղել է հրազենային վնասվածքներով, հիվանդանոց է տեղափոխվել Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից։ Պարեկները չսպասելով բժիշկների ժամանմանը, իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից օգտագործել են բինտ ու բամբակ, ապա առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հայտնաբերվել են Lexus, Mercedes մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։

Опубликовано в