Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի մասին ՄԻՊ-ը նոր տեսանյութեր է հավաքագրել եւ այս պահին դրանց վերլուծությունն է իրականացնում: Այս մասին այսօր հայտարարվել է «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած՝ «Պատերազմական հանցագործություն. խոշտանգում, սպանություն. Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավոր ուղիներ» թեմայով քննարկման ժամանակ: ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը տեղեկացրել է՝ շուտով կհրապարակեն նաև երկրորդ զեկույցը Նա նշել է, որ ՄԻՊ նախորդ զեկույցին կցվել են սեպտեմբերի 13-ից իրականացված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հայ ռազմագերիների նկատմամբ
կտտանքները և դաժան վերաբերմունքը փաստող տեսանյութերը և ուղարկվել միջազգային կառույցներին: Գործընթացը շարունակական է: Ամփոփելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի վնասները՝ նա նշել է. «Ունենք 7600 տարհանված անձ՝ 1500 երեխաներ, հարյուրին մոտ հաշմանդամություն ունեցող անձինք, ցավոք, ունեցել ենք երկու կին և մեկ հաշմանդամություն ունեցող տղամարդ, որ չեն կարողացել տարածքը լքել և մնացել են պատերազմական գործողությունների տարածքներում: Ունենք ենթակառուցվածքների վնասներ՝ դպրոցներ, համայնքապետարաններ, Ջերմուկի ճոպանուղին, սրճարաններ, առողջարաններ, էլեկտրացանցի, ԱԻՆ-ի շենքի վնասում և տարբեր այլ ենթակառուցվածքների վնասում»: Խոսելով սեպտեմբերի 13-ից իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական դաժանությունների մասին՝ Լաուրա Գասպարյանն ասել է. «Նույն դաժանությունն է և ավելին: Ծայրահեղ դաժան պատկերներ ենք ստանում, միակ տարբերանշող փաստն է այն, որ այս ագրեսիայի ժամանակ կանանց նկատմամբ առանձնահատուկ դաժանություն է եղել: Դիտարկել ենք կին զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի ծայրահեղ դրսևորումներ, որոնք զեկույցում արծարծվել են, եղել են մարմնի, դիերի նկատմամբ վատ վերաբերմունք, խոշտանգման դեպքեր ունեցող փաստեր: Օրինակ՝ մարմնի տարբեր վերջույթների անդամահատումներ, մերկացում, ստորացում, նվաստացում, առնվազն երեք կանանց կրծքավանդակի հատվածում մերկացրել են, ոտնակոխ արել: Քանի որ կանանց մարմինները եղել են մերկ, այն հագուստը, որ կրել են, հավանական ենք համարել, որ նրանցից մեկը եղել է քաղաքացիական անձ: Երեքից մեկը եղել է քաղաքացիական անձ: Տվյալները ճշտվում են»: ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը հավելել է՝ 24-ժամյա ռեժիմով հավաքագրում են բոլոր տեսանյութերն ու ձայնագրությունները, ապա ադրբեջանագետները դրանք վերծանում են եւ դրվագ առ դրվագ դիտարկում երեւույթները: