Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու, պետք է դրանցից ընտրել ամենաքիչ ցավալին։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Գտնվում ենք այնպիսի ճակատագրական վիճակում, երբ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար ջնջելը, էնպիսի մի պահ է,
որ պահանջում է երկխոսություն և համատեղ որոշման կայացում։ Դաշնակներն ու կոմունիստները իրար դեմ պատերազմ էին արել, եկավ մի պահ՝ խոհեմություն ունեցան, կարողացան գտնել լուծում: 71 տարի Հայաստանը հնարավորություն ունեցավ ապրելու խաղաղ, ստեղեծեցինք պետություն, դարձանք ազգ, որը կառուցեց
իր պետությունը, եթե Խորհրդային Հայաստանը չլիներ, երրորդ Հանրապետությունը չէր կայանա»,- նշել է նա: Պետրոսյանը նկատել է, որ ՀՀ-ին սպասում են ծանր և ցավոտ լուծումներ. «Պայմանագրեր պիտի կնքվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու։ Եթե չի ստորագրվում փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում երկու հարևանների հետ, 70 տարվա իրողությունը չենք կարող վերականգնել, պիտի քարը քարի վրա երկիր
կառուցենք, շենացնենք երկիրը»,- ասել է Տեր-Պետրոսյանը։ Ինֆորմացիային, ըստ նրա, տիրապետում են միայն Նիկոլ Փաշինյանն ու կուսակցության ղեկավարությունը։ «Նիկոլն է ու մեկ-երկու հոգի գիտեն, թե Ռուսաստանը, Թուրքիան ինչ են առաջարկում, ԱՄՆ-ը ինչ խորհուրդ է տալիս։ Ես, Քոչարյանը, Սարգսյանը այդ ինֆորմացիային չենք տիրապետում։ Իմ առաջարկի բուն իմաստն այն է, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլից կարողանան ազատվել,
ապա կարող ենք խուսափել ցավոտ լուծումներից, սա միամտություն է։ Ով էլ գա, նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու, պետք է դրանցից ընտրել ամենաքիչ ցավալին»,- նշել է առաջին նախագահը։ Տեր-Պետրոսյանը վստահ է՝ Փաշինյանն էլ է վախենում ստորագրելուց, քանի որ ինչ փաստաթուղթ
էլ ստորագրի, պիտի ասեն՝ թուրք, դավաճան։ Նշենք, որ օրերս էջմիածնում ՀՀ-ի և Արցախի նախկին ղեկավարների և կաթողիկոսի մասնակցությամբ հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանն առաջարկել է իշխանության և ընդդիմության համախմբում՝ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու համար, սակայն մասնակիցները ընդհանուր հայտարարի չեն եկել: Այս մասին առաջին նախագահը հայտարարել է այս հարցազրույցի սկզբնական հատվածում: