Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը` որպես Հայաստանի Արդարադատության նախարար: Այս մասին հայտարարություն է տարածել Կարեն Անդրեասյանը:
Հայտարարությունում ասվում է.
«Մեկ տարուց ավել իմ աշխատանքի ընթացքում ձեռք են բերվել հետևյալ արդյունքները.
Ձևավորվեցին Հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում (առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ): Նոր դատարանների համար ստեղծվեցին նոր ենթակառուցվածքներ:
Պարեկային ոստիկանությունն ընդլայնվեց դեպի 6 նոր մարզեր: Գործող պարեկների կարողություններն ավելացան: Ներքին գործերի նախարարության ձևավորման հայեցակարգային աշխատանքները և իրավական փաթեթի մշակման աշխատանքները վերջնականացվեցին:
Ստեղծվեց և հաջողությամբ սկսեց գործել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ անձնակազմի համալրման և ընդհանուր կառավարման նոր չափանիշներով:
Մշակվեց Հայաստանի նոր Արբիտրաժային կենտրոնի կառուցվածքն ու մոդելը և ձևավորվեց արբիտրաժի ոլորտի հայտնի մասնագետների մեծ ցանց։ Մշակվեց Արբիտրաժային նոր կենտրոնի կանոնադրության նախագիծը և «Արբիտրաժի մասին» օրենքում փոփոխության նախագիծը։
Լրամշակվեց և ընդունվեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը: Ձևավորվեց այն իրագործող ղեկավար թիմը:
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ բացվեցին Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Նախապատրաստվեց հաջորդ գրասենյակի նոր հայեցակարգը Աբովյան քաղաքում, որը կմատուցի 450 հանրային ծառայություններ՝ այսօրվա 110-ի փոխարեն։
Նախարարության Փորձագիտական կենտրոնը համալրվեց փորձաքննության համար անհրաժեշտ ամենաժամանակակից սարքավորումներով և տեխնիկական հագեցվածությամբ: Փորձագետների աշխատավարձերը բարձրացվեցին 80 տոկոսով։ Մաքրվեց տարիներով ձգձգված փորձագիտական եզրակացությունների կուտակումը:
Վճռաբեկ և սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերը բարձրացվեցին 50 տոկոսով։ Տարբեր դատարաններում և դատական ատյաններում դատավորների թիվն ընդհանուր առմամբ ավելացավ 50-ով։
Մեկնարկեց քաղաքացիական դատավարության թվային մոդուլի մշակումը։
Ավարտական փուլում է քրեական գործերով մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի ձևավորումը։
Մեկնարկեցին էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի (e-justice.am) մշակման, ինչպես նաև վարչական, քրեական, սնանկության և հակակոռուպցիոն դատական գործընթացների թվայնացման աշխատանքները:
Գրեթե ավարտին հասցվեցին Պրոբացիայի էլեկտրոնային համակարգը (e-probation) և բժշկական էլեկտրոնային համակարգը (e-health), որոնք կգործեն մինչև տարեվերջ։
Մեկնարկեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային կառավարման նոր համակարգի (e-cesa), ինչպես նաև նոտարական էլեկտրոնային կառավարման համակարգի (e-notary) մշակման աշխատանքները։