«Սեպտեմբերի 27-ին, որ իմացա պատերազմ ա, դաշտի մեջ ուշքս գնաց»․ Հասմիկն ասում է՝ պատերազմի առաջին օրից զգացել է՝ որդուն կորցնելու է

40-ամյա Հասմիկ Սահակյանը հուզմունքով ասում է՝ պատերազմի առաջին օրից սիրտը զգում էր, որ որդուն կորցնելու է։ Հասմիկը պատմում է՝ սեպտեմբերի 27-ին դաշտում գործ էին անում, այդ օրը ամուսնու ծննդյան օրն էր, որդին զանգել, շնորհավորել էր, բայց Հասմիկը որդու ձայնից զգացել էր, որ ինչ-որ բան այն չէ:

«Մենք դեռ չգիտեինք պատերազմի մասին, Քանաքեռավանի մեր դաշտում էինք, հարևաններն էկան, ու լսեցինք, որ երեխեքը գոռացին՝ պատերազմ ա Ղարաբաղում, իմ ուշքը էդ պահին գնացել ա, հետո բերել էին ինձ տուն։ Ես մտածեցի՝ իմ էրեխեն առաջին գիծ ա, ես ասեցի՝ կորցնում ենք էրեխուս, ամուսինս ասում էր՝ չէ՛, ինչ ես խոսում, ինքը «Գրադի» հաշվարկ անող ա, առաջին գիծ չի, բայց ես զգում էի»,- ցավով ասում է մայրը։

Հասմիկի որդին՝ 19-ամյա Արսեն Եղոյանը, Ջրականում զորավարժությունների է մասնակցել, երբ սկսվել է պատերազմը։ Արսեն Եղոյանը համազարկային համակարգի կրակային հաշվարկող է եղել։

«Տղուս մարտական ընկերներից մեկը պատմել ա, որ իրանք գնացել են, «Գրադը զապրավկա են արել, որ կրակեն: Մթնշաղ ա եղել, ասել են՝ էս էլ կրակենք, վերջը կտանք սրանց, էդ ժամանակ անօդաչուն խփել ա»,- հուզմունքով ասում է մայրը։

Հասմիկն ասում է՝ ինչպես պատերազմի առաջին օրը, այնպես էլ որդու զոհվելու օրը զգացել է։

«Ինձ հոկտեմբերի 2-ին ասեցին, որ տղես զոհվել ա, ասում էին՝ ամսի 1-ին ա դեպքը եղել, ես ասում էի՝ չէ՛, 30-ին ա եղել, ես զգացել էի։ Նենց ցավ եմ զգացել, ոնց որ արգանդս միանգամից պոկվեր, ընկներ»,- կսկիծով հիշում է որդեկորույս մայրը։

Արսեն Եղոյանը մինչ բանակ գնալը ընդունվել է Երևանի ագրարային համալսարանի տնտեսագիտության բաժինը, որը կիսատ թողնելով՝ մեկնել է ծառայելու: Մոր խոսքով՝ որդին շատ երազանքներ ու նպատակներ ուներ։

«Մենք խնձորի, սալորի մեծ այգիներ ունեինք, մտածում էինք, որ գար, բիզնես դնեինք, տղես ասում էր՝ աշխատող կպահենք, կշատացնենք։ Բայց Արսենիցս հետո մենք էլ ուժ չունենք, վաճառում ենք»,- ասում է Հասմիկը ու նշում, որ որդին նաև սիրած աղջիկ ուներ, ծանոթացրել էր ծնողների հետ ու որոշել էր բանակից վերադառնալուց հետո ամուսնանալ։

«Մտածում էի՝ չեմ ապրի առանց Արսենիս»,- հուզմունքով ասում է 40-ամյա կինը ու նշում՝ որդին առանձնահատուկ էր, տարբերվում էր իր բարությամբ, ուշադրությամբ, կենսասիրությամբ։

«Մի տղա ու աղջիկ էլ ունեմ, բայց ոչ ոք չի կարա Արսենիս տեղը տա»,- ասում է մայրը։

Հասմիկի խոսքով՝ մայր ու որդի շատ կապված էին, Հասմիկը հուզմունքով հիշում է որդու զինվորական երդման օրը, երբ գնացել էին մասնակցելու, և վերջում՝ որդուն հրաժեշտ տալուց և մեքենա նստելուց հետո, որդին կրկին մոտեցել է ու բոլորին նորից հանել մեքենայից: «Ինձ նորից փաթաթվեց, ասեց՝ մե՛րս, շատ եմ կարոտում»,- արցունքների միջից պատմում է Հասմիկն ու ասում՝ հիմա ինքն է կարոտից խեղդվում։

Հասմիկն ասում է՝ Արսենը ինչպես ծնողների հանդեպ էր շատ ուշադիր ու սիրող, այնպես էլ հայրենիքի։ 

«Իր մեջ էդ սերը սերմանել են հայրն ու հորեղբայրը, հորեղբայրն էլ 94-ին Վազգենի ջոկատում ա եղել, շատ մեդալներ ունի, ասկոլկեն դեռ մեջքի մեջ ա: Արսենս իր սոցիալական մեդիայի էջերում շատ յուրօրինակ գրառումներ ունի՝ հայրենիքին նվիրված»։ 

Արսեն Եղոյանին հուղարկավորել են հոկտեմբերի 4-ին Եռաբլուրում։

Արսեն Եղոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։