«Մոսկվայում էինք ապրում, ասեց՝ ես եմ որոշում, գնամ, հայրենիքիս պարտքս տամ»․ «Մարտական խաչ» Գարիկ Թամամյանին՝ հետմահու

44-ամյա Գայանե Սարգսյանը հուզմունքով է հիշում՝ ինչպես որդին 24-ամյա հասակում այլևս ընդդիմացավ ծնողներին և որոշեց, որ պետք է Ռուսաստանից Հայաստան վերադառնա և ծառայի հայրենքում։

«Ինքը 13 տարեկան էր, մենք Մոսկվա գնացինք, երբ տարիքը լրացավ, ամեն տարի ուզում էր գար։ էնպես ստացվեց, որ էդ տարին անզոր էինք, ասեց՝ ես մեծ եմ, ես եմ որոշում, գնամ, հայրենիքիս պարտքս տամ։ 2019-ի հուլիսի 15-ին զորակոչվեց բանակ»,- պատմում է Գայանեն ու հուզվում։

Գարիկ Թամամյանը ծառայել է Ջրականում, հակատանկային ֆագոտի ավագ օպերատոր-սերժանտ էր։ Մայրն ասում է՝ որդին ծառայողների մեջ ամենամեծն էր, տղաները նրան Բիձո են ասել։

Սեպտեմբերի 25-ից Գարիկը դիրքերում է եղել՝ հերթափոխ իրականացնելու համար։ Պատերազմն սկսվելուն պես հակառակորդի դեմ թեժ պայքար է մղել Ջրականում։ 

Մայրը պատմում է, որ տղան ծառայակից ընկերների հետ հոկտեմբերի 1-ին Լելե թեփեի բարձունքն է գրավել, հոկտեմբերի 2-ին թշնամու 7 տանկ խոցել։ Այդ սխրանքի համար Գարիկ Թամամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Գայանեն պատմում է, որ հոկտեմբերի 3-ից որդուց լուր չեն ունեցել, տղան կապի դուրս չի եկել։ Տարբեր տեղեկություններ են ծնողներին հասել, ոմանք ասել են՝ բունկերում է, մի մասը՝ վիրավոր է, սակայն ոչ մի տեղ որդուն չէին գտնում։

«Մենք իրան ողջ էինք փնտրում, ասում էին՝ ոչմի ցուցակում չկա, գնացեք, եկեղեցում մոմ վառեք, ու եկեղեցիներում օգնություն էինք փնտրում, որ Գարիկին ողջ գտնենք։ Հոկտեմբերի 24-ին հեռուստացույցով ցույց տվեցին տանկ խոցելու կադրերը, մտածեցինք՝ տղաս ողջ է, բայց հետո պարզվեց, որ պարզապես ուշ են ցույց տալիս կադրերը, դա ամսի 2-ին է եղել»։

Չորս ամիս որդուն ողջ փնտրելուց հետո 2021-ի փոտրվարին Թամամյանները ստացել են որդու մահվան բոթը։

«Փետրվարի 24-ին զանգեցին, ես պատասխանեցի, ասին՝ թող ամուսինդ ներկայանա Հերացի, ասեցի՝ ինչի՞, ասին՝ չենք կարա ասենք, որ գա, կիմանա… Ամուսինս ներս չի մտել, բարեկամներից են մտել, ճանաչել են, Գարիկը լրիվ, ամբողջական ա եղել»,- արցունքները հազիվ զսպելով պատմում է Գայանեն ու ասում՝ ամուսինը մինչև վերջին պահը չէր հավատացել ու կնոջն ասում էր՝ սուտ է։

«Մինչև տուն բերելը ինձ չէր ասում, ասում էր՝ տենց բան չկա, չհավատաս»։

2021-ի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը, տեղի է ունեցել Գարիկ Թամամյանի հուղարկավորությունը։

Գայանեն ասում է՝ կյանքն անտանելի է դարձել որդու կորստից հետո։ 

«Ահավոր դժոխքի մեջ ենք, կորցրի ամեն ինչ, մենք Մոսկվայից տեղափոխվեցինք Հայաստան, էլ չէինք կարա մնայինք Հայաստանից հեռու, ինքը պայքարել ա էս հայրենիքի համար, մենք ուրիշ հողում էինք։ Տուն, աշխատանք, մեքենա՝ էլ մեր աչքին չեկավ, հայրենիք վերադարձանք։

Գիշեր ու ցերեկ իրա մոտ ենք»,- ասում է մայրը։

Գայանեն պատմում է, որ որդին Ռուսաստանում շինարարությամբ է զբաղվել, սակայն նրա տարերքը երգն ու երաժշտությունն էր։ Ցանկանում էր հաստատվել Հայաստանում և ռեստորանում որպես երգիչ աշխատանքի անցնել։

«Հայրենասիրական երգեր էր սիրում, միայն դա էր երգում։ Փոքր տարիքում շվիի դասերի էր գնացել։ Ինքն ապրում էր երաժշտությունով։ Ամեն պահի երաժշտություն էր միացնում, երգում էր հաց ուտելիս, շոր հագնելիս։ Մեր տանը միշտ երաժշտության ձայն էր»,- հիշում է երանելի օրերը Գայանեն ու կսկիծով հավելում՝ այժմ տանը ծանր լռություն է ու դատարկություն։

Գայանեն հուզվում է՝ հիշելով որդու խոսքը, ասում է՝ անընդհատ ականջին է որդու «մերս» խոսքը։ Նշում է՝ շատ մտերիմ էին մայր ու որդի։ «Իրա SMS-ները մինչև հիմա հեռախոսում ա, բանակ տեղից 5-ին գրում էր՝ բարի լույս, բանակից հեռախոսով գրելով կոֆե էինք խմում»,- պատմում է Գայանեն։

Մայրն ասում է՝ շարունակում է զրուցել որդու հետ՝ նկարին նայելով, ասում է՝ չի համակերպվում: «Չեմ հավատում, անընդհատ սպասում եմ, որ ինքը պիտի գա»,- արցունքների միջից ասում է Գայանեն։