«Բաց տարածքում չորսով են եղել , անօդաչուն հարվածել ա, չորսն էլ զոհվել են»․ Վարդան Զաքարյանը մեկ ամիս էլ չկար, որ մեկնել էր ծառայության

31-ամյա Լիլիթ Զաքարյանը հուզմունքով է հիշում 2020-ի հոկտեմբերի 17-ը, երբ եղբայրը պատերազմի դաշտից զանգել և իր ծննդյան օրն էր շնորհավորել, իսկ ավելի ուշ նաև ծնողների միջոցով տորթ էր ուղարկել։

«Վարդանը սովորություն ուներ միշտ ծննդյան օրս կեսգիշերն անց արդեն շնորհավորել ու նույնիսկ մարտի դաշտից անակնկալ արեց։ 

Հիշում եմ՝ մինչ ծառայության գնալը՝ պապայիս 50-ամյակին, ինքը լրիվ անակնկալ ձևով ռեստորանում կազմակերպել էր մեծ ծնունդ, մինչև վերջին օրը չէր ասել, ինքը սիրում էր էդպես անել ու բոլորի համար»,- ասում է քույրը ու հուզմունքով նշում՝ այժմ բոլոր ծննդյան օրերը, տոները անցկացնում են Եռաբլուրում՝ եղբոր մոտ։

«Սեպտեմբերի 13-ին իր ծննդյան օրն էր, կդառնար 24 տարեկան, առաջ հավաքվում էինք տանը, մայրս տորթ էր թխում, Վարդանը, եթե ցանկանում էր, նաև ընկերների հետ էր նշում։ Իսկ հիմա տորթը, թխվածքը, փուչիկները վերցնում ենք ու գնում իր մոտ։ Ամեն ինչ փոխվեց մեր կյանքում։ Հիմա ամեն ինչ Եռաբլուրի հետ ա կապված, ինչ անում ենք՝ էնտեղ ենք անում»,- հուզվում  է 31-ամյա Լիլիթը։

22-ամյա Վարդան Զաքարյանը մեկ ամիս չկար, ինչ մեկնել էր ժամկետային ծառայության։ Առողջական խնդիրների պատճառով երեք տարի հետաձգվել էր իր ծառայությունը։ 2020-ի օգոստոսի 30-ին զորակոչվել էր բանակ, 15 օր կարանտինի մեջ եղել, սեպտեմբերի 15-ին էլ տեղափոխվել Մարտունի 2։

Վարդանը վերջին անգամ հարազատների հետ կապ է հաստատել հոկտեմբերի 23-ին, հորեղբոր տղային ասել է, որ տեղափոխվում են, սակայն խնդրել է ծնողներին չասել, որ չանհանգստանան։

«Ընկերուհուն էլ գրել էր, որ գնա, աղոթի իր համար»,- ասում է քույրը։

Այդ օրվանից ընտանիքի անդամները Վարդանից որևէ լուր չեն ստացել։

«Մենք հետո ենք իմացել, որ իրենց Մարտունի 2 են տեղափոխել պաշտպանելու, որովհետև  թուրքերը մտել էին։ Բաց տարածք ա էղել, թշնամին անմիջապես խփել ա հրետանուն, իրենք մնացել են առանց ոչ մի բանի, վերևից անօդաչուներ են էկել, նկարել, չորս տղաներով մի տեղում են էղել, ԱԹՍ-ն հարվածել ա իրանց, չորսն էլ զոհվել են»։

Լիլիթն ասում է՝ եղբորից զանգ չստանալով՝ սկսել են անհանգստանալ և ամենուր փնտրել։

«Մեզ ոչ ոք չի զանգել ու ասել նման դեպք ա՝ ո՛չ հրամանատարությունից, ո՛չ ՊՆ-ից, մեզ ասում էին՝ իրա անունը չկա, հանգիստ եղեք։

Չարենցավանի իրա հետ ծառայող էլի մարդ կար, կամավոր էր, էդ մարդու կնոջը գտանք, գնացինք, խնդրեցինք, որ հետաքրքրվի, եթե Վարդանի մասին տեղեկություն ունենա, մեզ ասի։ 

էդ կինն էլ մեզ չզանգեց։ Իմացել էին, որ Վարդանը զոհվել ա, հոկտեմբերի 29-30-ին մեր բարեկամներին էին ասել»,- պատմում է Լիլիթը ու նշում, որ օրեր անց եղբորը գտել են դիահերձարանում, նոյեմբերի 3-ին ԴՆԹ հանձնել, որի պատասխանը դրական է եկել:

ԴՆԹ հետազոտության պատասխանը ստանալուց, միակ որդու՝ Վարդանի, զոհվելու ողբերգական բոթից հետո Զաքարյաններն ասում են, որ կյանքն իմաստազրկվել է։ 

«Վարդանը նոր էր սիրահարվել, մի քանի ամիս էլ չկար, որ գնաց բանակ, չհասցրեց վայելել, երազում էր գալ, իր գործը ստեղծել։ Մեր կյանքը գլխիվայր շրջվեց։ Վարդանը մեր տան միակ տղան էր, ես ամուսնացած եմ, ծնողներս մնացին մենակ։

Բոլոր նպատակները կապված էին եղբորս հետ։ Դրանից հետո ծնողներս կորցրել են բոլոր երազանքները, նույնիսկ աշխատանքի չեն գնում, ամբողջ ժամանակ Եռաբլուրում են, օր չկա, որ չգնան»,- ասում է Լիլիթը։

Վարդանը անչափ բարի էր, հոգատար, օգնում էր ով իրեն դիմում էր՝  պատմում է Լիլիթը եղբոր մասին։ 

«Իրա աչքերից էլ բարությունը երևում էր, ոչ մեկին ոչ մի վատ բան չէր անում։ Ես Չարենցավանում էի ապրում, օնլայն վաճառքով էի զբաղվում, ինքը՝ Երևանում, իրեն էի միշտ խնդրում, որ առաքումները անի, միշտ օգնում էր»,- հուզմունքով ասում է քույրը։ 

Վարդանը սիրել է խոհարարությունը, ոչ միայն նախընտրել էր համեղ և յուրօրինակ ուտեստներ համտեսել, այլև ինքն է համեղ պատրաստել։ Խոհարարության մեջ նաև մասնագիտացել էր, դպրոցն ավարտելուց հետո սովորել է հայ-հունական պետական քոլեջում խոհարարություն բաժնում։

«Ինքը շատ էր սիրում նորություններ պատրաստել, տարբեր բաղադրիչներ համադրել և զարմացնել»։ Քոլեջն ավարտելուց հետո Վարդանը կրթությունը շարունակել է Երևանի գյուղատնտեսական համալսարանում՝ սննդամթերքի տեխնոլոգիա բաժնում։ 

Սովորելուն զուգահեռ նաև աշխատել է հոր հետ սուպերմարկետում՝ մսի բաժնում։

«Սիրում էր այդ գործը, ուզում էր գար, շարունակել, իր բիզնեսը դնել, բայց պատերազմը չթողեց․․․»- ցավով ասում է քույրը։

Վարդան Զաքարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար: