Հայաստանում թանկացումների սկսված ալիքը շարունակվում է:
Ընդ որում թանկացել են առաջին անհրաժեշտության սննդատեսակները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ թանկացել է հացը, մակարոնեղենը, ալյուրը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ հացի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 20 տոկոսով, իսկ այս տարվա հունիսին մայիսի համեմատ այն թանկացել է 5.2 տոկոսով:
Մակարոնի գինը 29.9 տոկոսով է բարձրացել, իսկ այս տարվա հունիսին մայիսի համեմատ այս շուկայում արձանագրվել է 1.6 տոկոս գնաճ: Նշենք, որ ալյուրը թանկացել է 2.6 տոկոսով:
Թանկացում արձանագրվել է նաեւ մսամթերքի շուկայում: Օրինակ թանկացել է գառան, խոզի եւ տավարի միսը: Գառան մսի գինը հունիսին մայիսի համեմատ բարձրացել է 2 տոկոսով, խոզինը՝ 3.5 տոկոսով: Իսկ ահա տավար մսի շուկայում արձանագրված թանկացումը կազմել է 5.6 տոկոս: ArmLur.am-ը տեղեկացավ, որ տավարի մսի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 17.8 տոկոսով:
Թանկացել է ամեն ինչ, այդ թվում պանիրը: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ պանրի գինը բարձրացել է 25.4, իսկ այս մայիսի համեմատ՝ 1.6 տոկոսով: Փոխարենը նվազել է հավի ձվի գինը՝ 2 տոկոսով: Իսկ շաքարավազը էժանացել է. պաշտոնապես, շաքարավազի գինը 2.6 տոկոսով նվազել է:
Մեկ տարվա ընթացքում կարագի գինն աճել է 4.8 տոկոսով, իսկ այս տարվա հունիսին մայիսի համեմատ գրանցվել է 0.4 տոկոս գնանկում: Ձեթի գինն, ըստ վիճակագրական կոմիտեի՝ 0.8 տոկոսով նվազել է: